Խուժանապետություն

Խուժանապետություն

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանն է, որի պաշտոնավարման շրջանում ոստիկանության համար բնորոշ է դառնում սովորական խուժանությունը:

Պարեկային «բեսպրեդել» «Փաստ» օրաթերթը երեկ գրել է. «... օրերս սկանդալային միջադեպ է տեղի ունեցել պարեկային ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր ձեռնաշղթայել և բերման են ենթարկել հենաշարժողական համակարգի լրջագույն խնդիրներ ունեցող և անհապաղ վիրահատության նախապատրաստվող արվեստագետին, որն իր տան դիմաց՝ կնոջ և անչափահաս երեխայի ներկայությամբ, իբրև թե ծեծի է ենթարկել չորս-հինգ ոստիկանի՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ:

Սակայն սա Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, նկարիչ և քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանի հետ կատարվածի հետ կապված ամբողջ պատմությունը չէ: Ըստ տեղեկությունների, ձեռնաշղթայված քաղաքացին ոստիկանության Արաբկիրի բաժնում արժանացել է չափազանց «ջերմ» վերաբերմունքի և արդյունքում ստացել է բավականին լուրջ մարմնական վնասվածքներ: Այս ամենը բավական չէ, հիմա էլ Քննչական կոմիտեում գործ է «կարվում»՝ ձեռնափայտով տեղաշարժվող արվեստագետին մեղադրելով ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ»:

«Բեսպրեդելը» խրախուսում է Փաշինյանը Բնական ու տրամաբանական հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ է ոստիկանությունն այսքան սանձարձակ դարձել: Պատասխանը միանշանակ է՝ նրանց քաջալերում է Փաշինյանը. ոստիկանները բոնուս են ստանում՝ Փաշինյանի «պահապան հրեշտակի» դերը կատարելու դիմաց: Փաշինյանի դերակատարությունը, սակայն, նրա դասընկեր Վահե Ղազարյանին չի ազատում պատասխանատվությունից: Հատուցման պահը գալու է:

Վահրամ Բագրատյան