Եկեղեցուն առաջարկում ենք կանխարգելիչ քայլեր ձեռնարկել․ սա քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունի․ Քոչարյան

Վաղը, եթե ինչ-որ մեկը կարողանա հավաքել շատ ավելի մեծ զանգված, քան մենք, ուրեմն պետք է ընդունենք, որ կա այն անձը, որը կարող է այդ հանրային կոնսոլիդացիան ապահովել և մենք իրավունք չունենք խանգարելու, հակառակը՝ պետք է օգնենք։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով MediaHub.am-ի հարցին՝ եթե հանրային լայն կոնսոլիդացիայի համար անհրաժեշտ լինի հեռանալ պայքարի առաջնորդությունից, ապա կհեռանա՞ն երկրորդ և երրորդ նախագահներն ու տեղը կզիջեն ուրիշին։
«Այստեղ իշխանությունն ինքնանպատակ չի, գիտեք՝ ես շատ ավելի թեթև կսկսեմ շնչել, եթե մեկը հայտնվի, որ կկարողանա այդպիսի մոբիլիզացիա ապահովել, սա ինձ վրա մեծ պատասխանատվություն է»,-ասաց նա։
Անդրադառնալով այն հարցին, որ գուցե կոնսոլիդացիան առաջնորդի եկեղեցին՝ վերջինս պատասխանեց, որ դարեր շարունակ պետականություն չենք ունեցել և այդ պետականության ֆունկցիան մասնակի կատարել է եկեղեցին։
«Եկեղեցուն առաջարկում ենք կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, որոշակի դերակատարություն ստանձնել այս գործընթացներում. սա քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունի։ Սա իսկապես հայրենիքի փրկության քայլ կլինի։ Սա իմ տեսակետն է, որը նույնիսկ չեմ էլ քննարկել եկեղեցակաների հետ։ Տեսակետս գուցե այսօր չէի էլ ասի, եթե հարցը չհնչեցնեիք»,-ամփոփեց նախկին նախագահը։