Պուտինը և Դուգինը արձագանքել են Դարյա Դուգինայի սպանությանը

Պուտինը և Դուգինը արձագանքել են Դարյա Դուգինայի սպանությանը

Լրագրող Դարյա Դուգինայի սպանությունը ստոր ու դաժան հանցագործություն էր, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի կայքում հրապարակված հեռագրում։

«Ստոր, դաժան հանցագործությունը կտրեց Դարյա Դուգինայի կյանքը՝ պայծառ, տաղանդավոր անձնավորության, իսկական ռուսական սրտով՝ բարի, սիրող, գթասիրտ և անկեղծ։ Լրագրող, գիտնական, փիլիսոփա, ռազմական թղթակից՝ նա ազնվորեն ծառայում էր մարդկանց, հայրենիքին, գործով էր ապացուցում, թե ինչ է նշանակում լինել Ռուսաստանը սիրող հարենասեր», – նշել է Պուտինը։

Պուտինն իր ցավակցական հեռագիրը հասցեագրել է Դուգինայի ծնողներին։

Ալեքսանդր Դուգինը ևս արձագանքել է դստեր սպանությանը՝ նշելով, որ նրան սպանողները չեն հասնի իրենց նպատակին, փոխանցում է ТАСС գործակալությունը։

«Ռուսաստանի թշնամիները նրան ստորաբար սպանել են, բայց մեզ, մեր ժողովրդին հնարավոր չէ կոտրել նույնիսկ այսպիսի անտանելի հարվածներով… Մեր սրտերը ոչ միայն վրեժ և հատուցում են տենչում։ Մեզ հարկավոր է մեր հաղթանակը։ Այնպես որ՝ հաղթեք, խնդրում եմ», – նշել է Դուգինը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Կիևը Դուգինայի սպանության հետ որևէ առնչություն չունի։

Հիշեցնենք՝ Դարյա Դուգինայի հայրը՝ փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ շրջապատից է։ Մինչ այս ենթադրվում էր, որ հարձակման թիրախն ինքը՝ Դուգինն էր, ով շաբաթ երեկոյան դստեր հետ ներկա էր գտնվել Մերձմոսկովյան շրջանում անցկացվող փառատոնի։ Միջոցառումից հետո Դարյա Դուգինան նստել էր մեքենան, որում տեղադրված ռումբն այնուհետև պայթեցվել էր։ Իսկ Ալեքսանդր Դուգինը վերջին պահին որոշել էր այլ մեքենայով մեկնել։