«Սպայկան» փոխքաղաքապետի հոր երաշխավորն է բանկում, Առուշի պաշտոնի համար մարտերը սկսված են. Մամուլը՝ սուրճով

«Սպայկան» փոխքաղաքապետի հոր երաշխավորն է բանկում, Առուշի պաշտոնի համար մարտերը սկսված են. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․ 

Առուշ Առուշանյանի շուրջ սեղմվող օղակը ոգեւորել է ՔՊ-ական պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանին։ Մեր աղբյուրները հայտնում են, որ նա հիմիկվանից պատրաստվում է Գորիսի հաջորդ ընտրություններին, որոնք լինելու են 2026 թվականի աշնանը՝ խորհրդարանական ընտրություններից հետո: Իշխանական գործընկերների շրջանում նա ասել է՝ եթե Առուշին իսկապես չեզոքացնեն, ապա ինքը բոլոր շանսերն ունի Գորիսի հաջորդ համայնքապետը դառնալու: Ավելին՝ անկեղծացել է, որ այդ հարցով դիմել է Նիկոլ Փաշինյանին, թեպետ դեռ «դաբրո» չի ստացել, բայց չի էլ մերժվել։

Բանն այն է, որ իշխանությունները դեռ Առուշ Առուշանյանի հետ հարցերը լուծված չեն համարում, մինչեւ խորհրդարանական ընտրությունները դեռ շատ ջրեր կարող են հոսել, եւ իրավիճակը կթելադրի՝ ինչ որոշում կկայացնեն։ Ի դեպ, մինչեւ 2025-ի աշունը իշխանության օրակարգում է Գորիս եւ Տեղ համայնքները միավորելու ծրագիրը։ Սա նշանակում է, որ Գորիսի հաջորդ համայնքապետը, ըստ էության, Սյունիքի մոտ կեսի ղեկավարն է լինելու։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա թոշակառու հոր մեգա բիզնես նախագիծը ակնհայտորեն կոռուպցիոն տարրեր է պարունակում, սակայն, «Սիվիլնեթի» հրապարակումից մոտ կես ամիս անցնելուց հետո էլ, իրավապահները կամ կոռուպցիայի դեմ պայքարող պետական այլ կառույցները որեւէ քայլ չեն նախաձեռնել: Իսկ ինչպե՞ս է տեղի ունեցել խնդրահարույց մեգանախագծի հաստատումը. պարզվում է, որ նախկին իշխանությունների օրոք պետությանը 7 մլրդ դրամի (մոտ 17 մլն ԱՄՆ դոլար) վնաս պատճառած, ապա իր սխալն ընդունած եւ վնասները վերականգնած «Սպայկա» ընկերությունը, որը ՔՊ-ական իշխանության հետ արդեն ջերմ է ինչպես «նախկինների» հետ, Երեւանի փոխքաղաքապետի ընտանիքի փաստացի տանիքն է: Ինքը՝ Արմեն Փամբուխչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ թոշակառու հոր վարկավորման երաշխավորը «Սպայկա» ընկերությունն է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սպայկայի» սեփականատեր Դավիթ Ղազարյանը հաճախ է հյուրընկալվում Արմեն Փամբուխչյանին՝ ինչպես Երեւանի քաղաքապետարանում, այնպես էլ տանը: Եվ ակնհայտ է, որ Ղազարյանի «քաղաքական տանիքը» ՔՊ-ականների հետ հարաբերություններում, պետական ատյանների հետ հարցերը կարգավորելիս ապահովում է հենց Արմեն Փամբուխչյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ Սոկրատ Փամբուխչյանը, որը մինչեւ որդու պաշտոնյա դառնալը երբեք որեւէ ընկերությունում տնօրեն կամ բաժնետեր չի եղել, անցած տարվա հուլիսին հիմնադրել է «Սանգարդեն» ընկերությունը: 71 ամյա պապիկը 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, արդեն կառուցել է ջրավազան, իսկ նոյեմբերից կսկսի ծառատունկը: Բանկը նրան տրամադրել է 1,5 միլիարդ դրամի վարկ (մոտ 3.8 մլն դոլար) եւ միանգամից գրավադրել է Շենիկում նոր գնված հողամասերը։ Պաշտոնյայի հոր վարկի մարման ժամկետը 2031 թվականի սեպտեմբերն է։ Բացի արտոնյալ վարկից, որը տրամադրվել է 14 տոկոսով, Փամբուխչյանի հայրը նաեւ կառավարության հոգածությունից է օգտվել. 12 տոկոս մարումն իրականացնում է պետությունը, ինչը նշանակում է, որ Փամբուխչյանի հայրը 2 տոկոսով վարկ է ստացել մոտ 4 մլն ԱՄՆ դոլար։

«Սանգարդեն»-ին տրամադրված վարկի սուբսիդավորումը նախարարության կողմից կազմել է 102,5 մլն դրամ: Այդ հողակտորների վրա դեղձի այգի է հիմնելու «Սպայկա» ընկերությունը, որը նաեւ կարտահանի դեղձերը: Ահա այսպիսի առերեւույթ կոռուպցիոն շղթա է գործում Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական Հայաստանում:»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Հրապարակի» տեղեկություններով, օրերս Սյունիքի մարզի մի հատվածում դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող որոշ ԵԿՄ-ականներ թունավորմամբ տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։ Ընդ որում, թունավորման դեպքերը երկու անգամ են եղել։
Մեզ տեղեկացրին, որ առաջին թունավորման ժամանակ ԵԿՄ-ի կազմում դիրքեր բարձրացածներից երկուսը կոմայի մեջ են ընկել՝ ստացած ծանր թունավորումից։ Երկրորդ անգամ թունավորման դեպքի ժամանակ նման ծանր դեպք չի արձանագրվել։ Մեզ տեղեկացրին, որ մարտական հերթապահություն իրականացնողները սննդի մեջ օգտագործել են վայրի պտուղ, որից էլ ստացել են այդ թունավորումը։

Այդ պտուղը կոչվում է գայլի հատապտուղ՝ Lonicera xylosteum լատինական անվամբ, ռուսերենում՝ волчья ягода, որն ունի հալյուցինոգեն հատկություն։ Դրա փոքր քանակով օգտագործման դեպքում այն հալյուցինոգեն է, առաջացնում է տարատեսակ տեսիլքներ եւ զգացումներ, որոնք բնորոշ են թմրամիջոցներին։ Փոքր-ինչ մեծ չափաքանակով օգտագործման պարագայում կարող է առաջացնել կոմա, գիտակցության կորուստ, այսինքն՝ մարդու համար այն թունավոր է։

«Հրապարակի» աղբյուրը շեշտեց, որ դիրքապահ ԵԿՄ-ականները նախապես իմացել են այս պտղի հատկության մասին եւ կիրառել են հենց այդ նպատակով, ուղղակի չափն են չարաշահել, ինչի հետեւանքով էլ նման թունավորում է առաջացել, եւ 2 անձ կոմայի մեջ է ընկել։ Հետաքրքիր է, որ առաջին ողբերգական պատահարը դաս չի եղել` երկրորդ խումբն է հետեւել կոմայի մեջ ընկածների օրինակին եւ վայելել «գայլի հատապտուղների» թողած «կայֆը»։

«Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ հալյուցինոգեն բույսի կամ սնկի օգտագործման հետեւանքով երկու անգամ Սյունիքի մարզից իրենց մոտ մարդիկ են տեղափոխվել։ «Սյունիքի մարզից են տեղափոխվել մեզ մոտ՝ կամավորներ էին, կարծեմ, ու նրանցից երկուսը կոմայի մեջ էին։ Սակայն դա այն կոման չէ, որ մարդիկ, այդ բառը լսելով, հասկանում են՝ գիտակցության կորուստ են ունեցել։ Հաջորդ օրը կամ երկու օր հետո էլի բերեցին մի քանի հոգու՝ նույն խնդրով, բայց մի քանի օր հետո արդեն լավ էին, ուշքի եկան»,- ասաց Կուրղինյանը։ Նման միջադեպերը մի բանի մասին են վկայում՝ անհասկանալի է, թե մեր երկրի սահմաններն ովքեր են հսկում, այդ անձանց նկատմամբ բանակի եւ ՊՆ-ի կողմից պատշաճ հսկողություն չի իրականացվում: