Էդ ո՞նց է թշնամական Թուրքիային արագ արձագանք լինում է, Իրանի հանդեպ՝ զրո արձագանք․ Թևանյան

Եթե Սիրիայի մասով հարցեր չկան, ապա Թուրքիայի մասով՝ կան:

Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին և Փաշինյանի ցավակցությանը։

Պատգամավորի խոսքով՝ մարդկանց մի մասը կարծում է, որ շատ ճիշտ է արել Փաշինյանը՝ ցավակցելով ու հումանիտար օգնություն առաջարկելով, իսկ մյուս մասը հակառակ տեսակետն ունի։

«Այո՛, կարելի էր ցավակցել Թուրքիային, բայց․․․։ Այդ բայցի տակ շատ տեսակետներ կան, բայց, օրինակ, պետք է հասկանալ, թե ինչու մյուս հարցերում Փաշինյանն այսպիսի օպերատիվություն չի դրսևորում։ Պետք է հասկանալ նաև՝ ինչպիսի դիրքորոշում ունի Թուրքիան մեր նկատմամբ ու ինչ հայտարարություններ է անում»,- նշեց պատգամավորը։ 

Բացի այդ, Թևանյանը հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ Իրանի Իսլամական Հանրապետությանը նույն կերպ ցավակցություններ չհղվեցին՝ երկրաշարժի հետ կապված, եթե Սյունիքը հայկական պահելու երաշխավորը հենց Իրանն է։ 

«Եվ Իրանն է քայլեր արել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահելու համար։ Ու այս առումով շատ բնական է, չէ՞, հնչած հարցը։ Էդ ո՞նց է թշնամական Թուրքիային արագ արձագանք լինում է, Իրանի հանդեպ՝ զրո արձագանք»,- նշեց Թևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։