Հայաստանի սեղանի թենիսի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակչին մասնակցելու իրավունք է ստացել

Տևական ընդմիջումից հետո միջազգային ասպարեզում հաջող ելույթներ են ունեցել Հայաստանի սեղանի թենիսիստները:
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Կիպրոսի Նիկոսիա քաղաքում անցկացվել է Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարը, որին Մասնակցել են Լիտվայի, Շոտլանդիայի, Լատվիայի, Սան Մարինոյի, Հայաստանի և Կիպրոսի տղամարդկանց հավաքականները:
Մեր հավաքականը տարել է 4 հաղթանակ, կրել ընդամենը մեկ պարտություն և գրավել երկրորդ տեղը: Լավագույն երեք թիմերը, այդ թվում մեր հավաքականը իրավունք են ստացել մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչին, որը տեղի կունենա 2023թ. Շվեդիայի Մալմյո քաղաքում: Նշենք, որ մեր հավաքականը ներկայացրել են Դավիթ Ղոթանյանը, Հարություն Հարությունյանը և Վարուժան Բաղդասարյանը: