9 մլն դրամ Ալեն Սիմոնյանի և ՔՊ-ականների երեխաների համար, Ադրբեջանցիների վերադարձը որ կետով են անելու․ Մամուլը՝ սուրճով

9 մլն դրամ Ալեն Սիմոնյանի և ՔՊ-ականների երեխաների համար, Ադրբեջանցիների վերադարձը որ կետով են անելու․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «դեկտեմբերի 25-ին, մի քանի ժամով բացվել էին Ազգային ժողովի այգու դռները։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին Ազգային ժողովից, Ամանորին ընդառաջ երեխաներին սպասվելու էր մյուզիքլ-ներկայացում, նվերներ, հեքիաթային շոու, որի ընթացքում հյուր պետք է գային Ձմեռ պապն ու էլֆերը։

Սակայն դատելով լուսանկարներից, որոնք ԱԺ-ն պաշտոնապես տարածել է, պարզ է դառնում, որ ամանորյա հրաշքը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար։

ArmLur.am-ը նկատել է, որ տոնական միջոցառմանը ներկա են գտնվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորներ Նարեկ Բաբայանը, Ալեքսեյ Սանդիկովը, Սոնա Ղազարյանը և ԱԺ այլ աշխատակիցեր իրենց երեխաների հետ միասին։

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Երեւանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը արժեցավ 90 մլն դրամ, իսկ Ազգային ժողովի կարիքների համար Ամանորին նվիրված միջոցառումը Ազգային ժողովի բակում՝ «Ամանորը Ազգային ժողովում» խորագրով, ծառայություններով հանդերձ արժեցել է 9 մլն դրամ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ պաշտոնական աղբյուրներից:

Պետական բյուջեից հատկացվել է 9 մլն 333 հազար դրամ։

Պաշտոնական փաստաթղթերով սահմանված է. «ՀՀ Ազգային ժողովի այգու ամանորյա ձեւավորումը եւ տոնական համերգային ծրագրի կազմակերպումը իրականացնել 2024 թ. դեկտեմբերի 25-ին: Այդ թվում՝ ԱԺ կենտրոնական դարպասների ձեւավորում՝ կ-աձեւ (Պատվիրատուի հետ համաձայնեցմամբ), եղեւնու բնական ճյուղերով, խաղալիքներով եւ դարպասների լուսավորումով։ Կենտրոնական դարպասների դիմացի հատվածում պետք է տեղադրվի դեկորատիվ կամար եւ ձեւավորվի տոնական լուսավորությամբ: Տեղադրվելու է նաեւ ձնեմարդե 2 արձան՝ առնվազն 2.5 մետր բարձրությամբ (տեսքը, ձեւը եւ այլն Պատվիրատուի հետ համաձայնեցմամբ), եղեւնու բնական ճյուղերով։

Դարպասների մոտ յուրաքանչյուր կողմից պետք է տեղադրված լինի մեկական խաղավար-էլֆ՝ երեխաներին դիմավորելու համար (ընդհանուր 2 էլֆ)։ Ամանորյա եւ տոնական առնվազն 10 հերոսներ (ներառյալ Ձմեռ Պապ), ովքեր կզբաղեցնեն երեխաներին 2 ժամ տեւողությամբ: Կտեղադրվեն 6 հատ 3×3 մ չափի վրաններ:

1-ին վրան – ՏՈՆԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ, որտեղ 10 հատ դեկորատիվ, ամանորյա թեմատիկայով զարդարված զամբյուղներ կլինեն: Կտրամադրվեն լոլիփոփներ՝ կլոր 500 հատ եւ կոր ձողիկի նման՝ 500 հատ, մանդարին՝ 1000 հատ,

2-րդ վրան – ՏԱՔ ԱՆԿՅՈՒՆ, թեյ՝ 600 հատ, կակաո՝ 1000 հատ, լուծվող սուրճ՝ 600 հատ,

3-րդ վրան – ՔԱՂՑՐ ԱՆԿՅՈՒՆ, որում կտրամադրվեն՝ պիշկի 1000 հատ, եւ ամանորյա թխվածքաբլիթ՝ 1000 հատ։

Բոլոր վրաններում կլինեն առնվազն 1000 հոգու համար նախատեսված անձեռոցիկներ։

Նախատեսվում է ԱԺ բակում տեղադրել ֆոտոզոնա՝ ձմեռ պապի հետ նկարվելու համար: Արհեստական ձյուն՝ Ձմեռ պապի գալու ժամանակ եւ փակման պահին: Ամանորյա գլխարկներ՝ 1000 հատ, որոնք էլֆերը կբաժանեն դարպասների մոտ:

Նախատեսվում է ԱԺ էլեկտրոմոբիլի զարդարում (Ձմեռ պապի ժամանման համար)։ Էլեկտրոմոբիլը կտրամադրվի Ազգային ժողովի աշխատակազմի կողմից։

Նախատեսված է իրականացնել ներկայացման կազմակերպում՝ ինտերակտիվ հայերեն մյուզիքլ՝ տեւողությունը առնվազն 1 ժամ»:

Մանրակրկտորեն կազմակերպված այս միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին»»:

 

«Հրապարակը» գրում է․ Թեպետ իշխանությունը վստահեցնում է, որ խաղաղության պայմանագրի տեքստում ուղիղ ձեւակերպում չկա 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխվելու մասին, սակայն կա մի ձեւակերպում, որը ներառվել է բացառապես այդ նպատակով, եւ ակնհայտ է, որ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն կա դրա վերաբերյալ: «Միջազգային իրավունքի համաձայն՝ կողմերը երաշխավորում են բոլոր քաղաքացիների՝ անկախ նրանց  կրոնական, ռասայական, լեզվական  պատկանելությունից, հավասարությունը։ Անկախ նրանց քաղաքացիության պատկանելությունից, առանց կանխակալ վերաբերմունքի պետք է ապահովել նրանց մշակութային իրավունքները, կրոնական դրսեւորումները»։

Այսինքն՝ տողատակերում ասվում է՝ եթե ադրբեջանցիները գան Հայաստան, չհամարձակվեք ճնշել նրանց: Մեր աղբյուրները պատմում են նաեւ, որ Ալիեւի այս պահանջը Փաշինյանը, դեռեւս անցած տարվանից սկսած, առնվազն մի քանի անգամ քննարկել է փակ նիստերում, եւ դա, կարելի է ասել, միակ կետն է, որի դեմ որոշ ՔՊ-ականներ ընդվզել են: Եվ քանի որ այս կետն այնուամենայնիվ մնացել է, իշխող ուժում չեն բացառում, որ այդ ընդվզողներից ոմանք նույնպես կմեկուսացվեն թիմից, կամ նրանց դեմ կոմպրոմատներ կդրվեն, որ նրանք այլեւս ծպտուն չհանեն։

 

«Փաստ» օրաթերթը գրում է. Պարզվում է՝ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին որոշել է Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղում 232,8 քմ և 324,5 քմ հողամասերի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման և հաշվառել համայնքի հողերի ֆոնդի հաշվեկշռում, ապա այդ հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել է քաղաքացի Սուրեն Հայկի Աղաջանյանին:

Հողամասերի արժեքը կազմել է համապատասխանաբար 284249 դրամ և 396215 դրամ: Իրականում Թեղուտ գյուղի հողերի շուկայական գինը բավական բարձր է, այսինքն՝ Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից բազմակի էժան գնով երկու հողամաս է օտարել Սուրեն Աղաջանյանին՝ այդ հողամասերի գործառնական նշանակությունը փոփոխելով։ Ի դեպ, սոցցանցայի օգտատերերը նշում են, որ Դիլիջան քաղաքի բնակիչ, 1955 թվականին ծնված Սուրեն Աղաջանյանը Դիլիջան քաղաքի հյուսիսային ծայրին՝ միջպետական ճանապարհի եզրին գտնվող ռեստորանային հայտնի «Գետափ» համալիրի սեփականատերն է,Դիլիջանի ազգային պարկի նախկին տնօրենը։

Դժվար չէ պատկերացնել, թե նույն Նիկոլ Փաշինյանը ինչ աղմուկ կբարձրացներ նախկինում նմանատիպ գործարքների պարագայում՝ կոռուպցիա, թալան և այլն։ Իսկ ներկա իշխանությունների պարագայում դա, փաստորեն, կոռուպցիա չէ, թույլատրելի է...