Երբ գան, մեզ ասեն՝ դուրս եկեք, բոլորը կտեսնեն, թե ինչն էր կառավարության նպատակը․ Սահակյան

Կարենն այլևս «Գոյ» թատրոնի տնօրենը չէ, թատրոնի ժողովուրդն է նրան ազատել, նա վնասել է իր ղեկավարած կոլեկտիվին, չի ներկայացել աշխատանքի, և սա հիմնավոր պատճառ էր նրան պաշտոնից զրկելու համար։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը։
«Մենք ներկայացումներ ունենք, բայց գովազդել չենք կարող և այդ պատճառով ներկայացումներն անցկացվում են հրավիրատոմսերով ու բաց տոմսարկղի միջոցով։ Մեր համոզմամբ, երբ տոմս են գնում, այդ գումարը գնում է պարգևավճարների, մենք չենք կարողանում այդ գումարը որևէ կերպ տնօրինել։ Երկու օրից «Գարեգին Նժդեհ․ իրական առասպել», իսկ արդեն ամսվա ավարտին՝ «Ալբեր Կամյու․ Օտարը» ունենք։ Երկու ներկայացումներն էլ բաց տոմսարկղով է լինելու»,- մանրամասնեց Սահակյանը։
Սահակյանը նշեց, որ բացառված է, որ որևէ պայմանով համաձայնեն «Սունդուկյան» թատրոնին միանալուն։
«Մենք որևէ ցանկություն չունենք Սունդուկյան թատրոնին միանալ, եթե ցանկություն ունենայինք, վաղուց միացած կլինեինք։ Այդ որոշումն անգրագիտություն է՝ օրենքի խախտման բազմաթիվ դրվագներով։ Կամերային երաժշտական թատրոնի օրինակն է լինելու, լրիվությամբ նույն խոստումներն են տվել, բայց այդ թատրոնը հիմա դադարել է գոյություն ունենալ, շենքը դատարկ է, սիմֆոնիկն այնտեղ երբեք փորձ չի արել, պարզվեց, որ այդ միավորումը պարզապես խաբեություն է, որը հիմա համատարած է իշխող օրգանների շնորհիվ»,- նշեց նա։
Սահակյանի խոսքով՝ սպասում են, որ իրավական համակարգը լուծում գտնի խնդրին։ Վերջինիս պնդմամբ՝ իրենք իրենց ներկայացումներն ունեն, որոնք Սունդուկյան թատրոնի ներկայացումների հետ խառնելու կարիք չկա։
«Մենք սպասում ենք, որ գործը դատարան մտնի ու օրենքի շրջանակներում հասկանանք, թե ինչ է կատարվում ու որն է լուծումը լինելու։ Եթե մի օր գան ասեն՝ դուրս եկեք շենքից, կստացվի, որ իրենց նպատակը միայն թատրոնը փակելն էր, ոչ թե միավորելը։ Իրականում այդ սցենարին ևս պատրաստ ենք, եթե գան ու ասեն դուրս եկեք, հստակ ապացույց կլինի, որ այս կառավարության նպատակը մեր թատրոնը փակելն էր։ Բոլորը կտեսնեն, թե ինչ կար կառավարության քաղցր խոսքերի տակ, իրենց գեղեցիկ ձևակերպումներով ինչ էին ուզում անել, չնայած արդեն երևում է ու միայն թատրոնը չէ, որ դա ապացուցում է»,- շեշտեց ռեժիսորը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով թատրոնի տնօրեն Սարգիս Չոլոյանն ազատվել էր աշխատանքից, և նրա փոխարեն տնօրեն էր նշանակվել Կարեն Սիմոնյանը, որն էլ և ստորագրեց կառավարության որոշումը, որով «Գոյ» թատրոնը միավորվում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։
Լիաննա Թորոսյան