Ոլորտային լուծումներ են պետք․ գործարարը՝ փոխարժեքի տատանումների առաջացրած խնդիրների մասին

Ոլորտային լուծումներ են պետք․ գործարարը՝ փոխարժեքի տատանումների առաջացրած խնդիրների մասին

Առաջիկայում կրկին պետք է հանդիպենք Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարների հետ՝ քննարկելու համար հայկական արտադրողի համար դրամի կտրուկ արժևորման արդյունքում ստեղծված խնդիրների լուծման այլ տարբերակներ ևս։ Այս մասին «Մանթաշյանց» ԳՄ առաջին միջազգային բիզնես ֆորումի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց միության համահիմնադիր Վահրամ Միրաքյանը՝ անդրադառնալով տեղական արտադրողի վրա արտարժույթի փոխարժեքի անկայունության հետևանքներին։

«Նախօրեին բաց նամակով դիմել էինք ԿԲ-ին, Ֆինանսների և  Էկոնոմիկայի նախարարություններին, որպեսզի քայլեր ձեռնարկեն դրամի հետագա արժևորումը դադարեցնելու համար, ինչին հաջորդեցին վերոնշյալ կառույցների ղեկավարների հետ հանդիպումները։ Հանդիպումների արդյունքում արձանագրեցինք, որ այս պահին լուծումներ չկան, սակայն շարունակելու ենք հանդիպել, լուծումներ գտնել, ինչպիսին կլինի, օրինակ, կա՛մ դոլարի անկումը կանգնեցնելը, կա՛մ գործարարներին սուբսիդավորում տրամադրելը»,- նշեց գործարարը՝ ընդգծելով, որ այս պարագայում լավագույն տարբերակը դոլարի փոխարժեքի արժեզրկումը կանգնեցնելն ու մասամբ վերականգնելը կլինի։

Միրաքյանի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակում պետք է ոլորտային լուծումներ գտնել, քանի որ դրամ-դոլար փոխարժեքի տատանումները բացասական ազդեցություն են ունեցել մի շարք ոլորտների վրա, ինչպիսիք են արտահանումը, կառուցապատումը, տուրիզմը և այլն։ Ըստ Միրաքյանի, եթե խնդրի լուծման համար ընդհանուր գործիք չկիրառվեց, ապա պետք է ոլորտային լուծումներ գործի դնել։

Նշենք, որ երեկ տեղի ունեցավ «Մանթաշյանց» ԳՄ առաջին միջազգային ֆորումը, որին ներկա էր շուրջ 250 մասնակից կառույցի 4 մասնաճյուղերից։ Բիզնես ֆորումի նպատակն էր մեկ հարթակում միավորել կառույցի տարբեր մասնաճյուղերի անդամներին, ստեղծել կապեր համագործակցության համար՝ ի նպաստ հայրենի տնտեսության զարգացման։ Ֆորումի ընթացքում նաև ելույթներ ունեցան ԱՊՀ տարածաշրջանում իրենց ոլորտի լավագույն մասնագետները, որոնք կիսվեցին իրենց փորձառությամբ հայ գործարարների հետ՝ վերջիններիս փոխանցելով ոլորտային գիտելիքներ։