Փաշինյանի «ուսապարկերը»

Փաշինյանի «ուսապարկերը»

Հիշո՞ւմ եք՝ մինչև պատերազմը Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հեգնում էր Ալիևին այն թեմայով, թե իբրև մեր խորհրդարանում երիտասարդ, ազատ մտածողություն ունեցող մարդիկ են՝ ի տարբերություն ավտորիտար հարևանի։


Հարևանի մասին Փաշինյանի ճիշտ էր ասում, ամբողջ խնդիրն այն է, որ հետհեղափոխական Հայաստանի երկու խորհրդարաններում էլ մտածող, ինքնուրույն մարդկանց թիվը շատ փոքր է եղել, հատկապես՝ կառավարող խմբակցությունում։


Ընդ որում, նման գնահատական սեփական քաղաքական թիմին տվել են անգամ Փաշինյանի շրջապատի մարդիկ։ Հիշում եք երևի, որ ՔՊ տխրահռչակ խոսնակը ՔՊ կամ «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորներին ավելի ցածր գնահատեց Փաշինյանի ուսապարկից։
ԱԺ վերջին նիստում ՔՊ խմբակցությունը դրսևորեց հենց «ուսապարկային» վարքագիծ։


Խորհրդարանը մերժեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախագիծը, որով նա առաջարկում էր հեշտացնել զինծառայողներին վարձավճարի փոխհատուցում տրամադրելու կարգը: Այսօրվա դրությամբ վարձով ապրող զինծառայողներից 81-ը խարդախության հոդվածով դատապարտվում են, քանի որ վարձավճարի պայմանագիր կնքել են մեկի հետ, բայց ապրել այլ բնակարանում:
Սա ոչ առաջին և հաստատապես՝ ոչ էլ վերջին դեպքն է, երբ մեծամասնությունն այդպես է վերաբերում ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունների հետ։


Սակայն այս պարագայում գործ ունենք արտառոց փաստի հետ։
Բանն այն է, որ մեծամասնության պատգամավորները մշտական հանձնաժողովի նիստում պաշտպանել էին Թովմասյանի նախաձեռնությունը, ԱԺ լիագումար նիստում դրա մասին դրական էին արտահատվել, ոմանք նույնիսկ «կողմ» էին քվեարկել, հետո արագ «մտափոխվել»։
Սա դասական դեպք է, երբ ՔՊ խմբակցությունը մտադիր է եղել կողմ քվեարկել ընդդիմադիր պատգամավորի նախաձեռնությանը, սակայն նրանց հայտնի կենտրոնից, ընդ որում՝ վերջին պահին, ստիպել են «փոշմանել»։ Այսքանից հետո նույնիսկ անհարմար է ժողովրդավարության մասին խոսելը։

Վահրամ Բագրատյան