Ոստիկանական «բեսպրեդել»

Ոստիկանական «բեսպրեդել»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանն է, որի ենթակաները գնալով նմանվում են իսկական խուլիգանների, որոնց թիրախում, որպես կանոն, հայտնվում են ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչները և քաղաքացիները: 

Հերթական շոուն 

Երեկ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նա այդ մասին լուրը հայտնել էր Ֆեյսբուքի իր էջում՝ գրելով. «Հարգելի Հայրենակիցներ, այսօր ձերբակալվեցի, սա էլ էր պետք տեսնել... Ծիծաղելի հոդվածով...»:
Ավելի ուշ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը մանրամասներ է հայտնել Գ.Պետրոսյանի ձերբակալությունից.
«Պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը»:
Կից ներկայացված տեսանյութն ապացուցում էր, որ Պետրոսյանը որևէ բռնություն չի գործադրել:
Տեղի ունեցածը նմանվում է ակնհայտ քաղաքական հաշվեհարդարի, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Պետրոսյանը գործող իշխանության ամենաարմատական քննադատներից մեկն է: 

Ոչինչ չի մոռացվելու 

Ուշ երեկոյան Գևորգ Պետրոսյանն ազատ է արձակվել: Այս մասին հայտնել էր նրա փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:
«Գևորգ Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալումից ազատ արձակվեց, գոնե ինձ համար տեսանելի է, որ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածը չի հաստատվում»,- գրել է նա։
Այս պատմության թիվ մեկ պատասխանատուն Վահե Ղազարյանն է, ով, ըստ ամենայնի, Փաշինյանի ցուցումով որոշել է ընդդիմադիրների «աչքը» մի փոքր վախեցնել:
Բայց՝ ոչ ոք չի մոռացվելու, ոչինչ չի մոռացվելու:

Վահրամ Բագրատյան