Առեղծվածային դեպք, հայտնաբերվել է պայթուցիկի նմանվող իր, ժամանել են սակրավորներ. Shamshyan

Առեղծվածային դեպք, հայտնաբերվել է պայթուցիկի նմանվող իր, ժամանել են սակրավորներ. Shamshyan

Այսօր՝ ապրիլի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 4-րդ նրբանցքի շենքերից մեկի բնակարանի դռան բռնակին կասկածելի լար է միացված:  

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, գրել է «Շամշյանը»։

Նշված նրբանցքի շենքերից մեկի թիվ 60 բնակարանի դռան դրսի կողմից՝ բռնակից լարով միացված կասկածելի պլաստմասսե շիշ է հայտնաբերվել, որը նման է սարքած պայթուցիկի: 
 
Պարեկներն ու Շենգավիթի ոստիկանները սահմանազատել են տարածքը, մինչև դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները: 
 
Վերջինները վնասազերծել են կասկածելի իրը: Պլաստմասսե շշի մեջ եղել է բենզին, մեծ քանակի մեխեր, և առանձին միացված ցելոֆանե զանգված, որի մեջ առկա է եղել բրոնզանման նյութ: 

Սակրավորները այն տեղափոխել են անվտանգ վայր: Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանը պատկանում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ 47-ամյա տղամարդուն:
 
Ոստիկաններն ու քննիչները արդեն մոտավոր գիտեն դեպքի հանգամանքները, շարժառիթը և կասկածյալների ինքնությունը: 
 
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: