Աջակցության ծրագիրը դադարեցնելով՝ հաշվի չեն առել տեղահանվածների իրավունքները, տեղացիների շահերը

Արցախից տեղահանվածներին տրամադրվող բնակվարձի աջակցության կրճատման ՀՀ կառավարության որոշումը լուրջ մարտահրավերներ է առաջացնելու։ Եթե որոշումը չվերանայվի, ապա տասնյակ հազարավոր մարդիկ կկանգնեն անօթևան մնալու վտանգի առջև՝ ունենալով սոցիալական ու հոգեբանական ծանր հետևանքներ։
«Արդեն մեկ ու կես տարի է այստեղ ենք, ու չի եղել մի օր, որ գլուխս դնեմ բարձին՝ հանգիստ քնեմ։ Արցախում պայքարել ենք խաղաղ ապրելու իրավունքի համար, այստեղ պայքարում ենք ուղղակի ապրելու համար։ Համատարած այս անտարբերությունը, կառավարության կողմից անտրամաբանական հաշվարկները խորը հիասթափություն է առաջացրել։ Մեզ ասում են՝ «աշխատե՛ք ապրեք»։ Ոնց բացատրեմ, որ սեպտեմբերին տեղահանվել ենք, նույն թվականի հոկտեմբերից արդեն աշխատանքի եմ անցել։ Չի հերիքում, հազիվ հասցնում ենք տան վարձը տալ։ Գոնե տանտերը մարդկային է, ձմեռային սեզոնին 30 հազարով կրճատել է վարձը»,- իր բողոքն է ներկայացնում ստեփանակերտցի Էլմիրա Խաչատրյանը։ Երևանում երեք սենյականոց բնակարանի համար նրա 6 հոգանոց ընտանիքը (ընդ որում մեկ նորապսակ զույգ) վճարում է 220 հազար դրամ։ Ապրիլից կառավարությունը կկրճատի աջակցության ծրագիրը։
«Անունը դրել են կառավարության կողմից աջակցություն, բայց մենք գիտենք, որ այդ գումարը Հայաստանին հատկացվել է Եվրոպական միությունը, մի մասը՝ Կարմիր խաչի կողմից։ Հիմա երկընտրանքի առաջ ենք։ Մենք չենք ուզում արտագաղթել։ Արցախի կորստից հետո Հայաստանում մնալը մեր ընտանիքի համար սկզբունքային էր։ Բայց փախստականների համար պայմաններ չի ստեղծում պետությունը։ Դրա համար կանգնել ենք երկընտրանքի առաջ»,- ընդգծեց Էլմիրան։
Նրա ամուսինը հաշմանդամ է, աղջիկներից մեկը ուսանող, մյուսը՝ դպրոցական։ Ինքն ու տղան աշխատանք ունեն, հոգում են ընտանիքի մինիմալ ծախսերը։ Տեղահանվածներին տրամադրվող 40+10 աջակցության ծրագիրը դադարեցնելուց հետո, նրանք կկանգնեն սոցիալական լուրջ խնդրի առաջ։
«Գոնե բնակվարձերի շուկայական գին սահմանեն, քիչ վճարենք։ Շուկան չի վերահսկվում, տան տերերը ինչ թիվ անցնում է մտքներով՝ պահանջում են, ճարահատյալ հարմարվում ենք»,- ասում է նա։
Էլմիրայի օրինակով արցախցի շատ ընտանիքներ չի բացառվում որ կարտագաղթեն Հայաստանից։
Բնակարանատերերն իրենց հերթին կզրկվեն հիմնական կամ լրացուցիչ եկամտի աղբյուրից։ Բազմաթիվ ընտանիքների համար սա եղել է կայուն ֆինանսական աջակցություն՝ օգնելով հոգալ կոմունալ վճարները, վարկերը կամ առօրյա ծախսերը։
Այս իրավիճակը պահանջում է վերանայում և համալիր մոտեցում՝ հաշվի առնելով ինչպես տեղահանվածների իրավունքներն ու կենսապայմանները, այնպես էլ տեղացիների տնտեսական շահերը։
Հունան Թադևոսյան