Մնա՞լ, թե գնալ Հայաստանից․ արցախցիների խնդիներն ու անպատասխան հարցերը

Մնա՞լ, թե գնալ Հայաստանից․ արցախցիների խնդիներն ու անպատասխան հարցերը

MediaHub-ը արցախցիներից մի շարք ահազանգեր է ստացել, որոնք, մասնավորապես, վերաբերում են պետության կողմից առաջարկված աջակցություններին, դրանց հետ կապված խնդիրներին։ Միանվագ 100 հազար դրամի աջակցությունից բացի՝ ամենամսյա 40+10 ծրագրից օգտվելու համար ստեղծվել են արհեստական խոչընդոտներ։ 

«Ես ծնվել եմ Արցախում, 45 տարի ապրել եմ այնտեղ, հաշվառվել եմ, աշխատել, գույք եմ ձեռք բերել, հարկ եմ վճարել։ 1994 թվականին միջազգային մրցույթի մասնակցելու համար, ժամանակավոր ինձ հաշվառել են Երևանում, տեղահանվելուց հետո  պետության աջակցությունից օգտվելու համար։ Ասացին՝ «դուք ՀՀ քաղաքացի եք, ուստի այս ծրագրի շահառու չեք»»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց տեղահնված արցախցիներից մեկը։ 

Նույն խնդրի առջև կանգնել է արվեստի գործիչներից մեկը։ 1980-ականներին ինքը, լինելով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակիչ, միջազգային սիմպոզիումում Հայաստանը ներկայացնելու հրավեր է ստացել։ Երևանում հաշվառել են, տասնամյակներ անց՝ կանգնել է նույն խնդրի առջև, հիմա դռնեդուռ դիմում է ՀՀ տարբեր կառույցներին, բայց առ այսօր խնդիրը չի լուծվել։ 

Այս ամենից բացի, MediaHub-ին դիմած քաղաքացիները չեն կողմնորոշվում՝ ստանալ փախստականի կարգավիճակ, թե՞ դառնալ ՀՀ քաղաքացի, ո՞րն է ճիշտ։ 

«Պետության կողմից հստակեցում չկա, չեն բացատրում՝ որի դեպքում ի՞նչ ենք ունենալու և կամ ի՞նչ ենք կորցնելու։ Անգամ տեղ չկա, որ մոտենանք, մեր հարցերի պատասխանները ստանանք»,- իրենց վրդովմունքն են հայտնում Արցախի բնակիչները։

Սոցիալական այսօրինակ խնդիրներին զուգահեռ, ՀՀ իշխանությունը որոշում է կայացրել լուծարել Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը և օպերատիվ շտաբը, այն բացատրությամբ, որ այստեղ կան համապատասխան գործող օղակներ, որոնք  կարողանում են և՛ ծրագրեր մշակել, դրանք կյանքի կոչել, և՛ ընթացիկ հարցերին լուծումներ առաջարկել։ 

«Փաստացի պարզվում է, որ իրենց ստեղծած մարմինը, որը տեղակայված է Փարաքարում, ընդամենը կրում է խորհրդատվական բնույթ։ Մենք գումարներ ենք ծախսում քաղաքի մի ծայրից հասնում մյուսը, որպեսզի ընդամենը խորհրդատվություն ստանանք, թե որտեղի՞ց կարող ենք օգտվել։ Այս դեպքում էլ նրանք ուղղորդում են օպերատիվ շտաբ։ Ասում ենք՝ «լուծարված է», պատասխանում են՝ «գնացեք ձեր իշխանությանը մեղադրեք»։ Կարծես թե հատուկ են ատելություն սերմանում»,- իր դժգոհությունը հայտնեց Ստեփանակերտի բնակչուհիներից մեկը։

Միանշանակ է, որ առաջիկայում սոցիալական խնդիրներին գումարվելու է նաև կոմունալ ծախսերի  աճը։ Խմբագրություն դիմած քաղաքացիները, որոնք դեռ չեն օգտվել պետության աջակցության ծրագրերից և կամ չունեն համապատասխան աշխատանք, երկընտրանքի առաջ են՝ մնա՞լ թե գնալ Հայաստանից։ 

«Ուր է նայում Հայաստանի իշխանությունը»,- հարցնում են նրանք։

Հունան Թադևոսյան