Ի՞նչ է ակնարկում Պուտինը 

Ի՞նչ է ակնարկում Պուտինը 

Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Հայաստանի ներկայիս վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ թելադրված է ներքաղաքական խնդիրներով և Ղարաբաղի թեմայով: Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ վերջին գագաթաժողովից հետո, որին, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցում:

Պուտինի ակնարկը բազմաշերտ է, սակայն, ըստ էության, բավականին մոտ է իրականությանը:

2022-23թթ-ին Ռուսաստանի հեղինակությունը Հայաստանի հասարակության աչքերում սասանվեց և, այսպես կոչված, հակառուսականությունը դարձավ տրենդ:

Արդյո՞ք Փաշինյանի իշխանության նպատակը Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը փոխելն է, թե՞ հակառուսականությունը միայն ներքին սպառում ունի ու կոչված է իշխանության պահպանմանը:

Պուտինն ակնարկում է երկրորդ տարբերակի մասին, մյուսները կարող են այլ վարկած առաջ քաշել: Ես անձամբ մտածում եմ, որ երկու հիմնական վարկածները միմյանց չեն հակասում:

Բանն այն է, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Փաշինյանն իսկապես մտածել է երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու մասին՝ հիմք ընդունելով արևմտյան այն նարատիվը, որ Ռուսաստանի «օրերը հաշված» են:

Այլ բան, որ ժամանակի ընթացքում Փաշինյանը, թերևս, հասկացավ, որ Արևմուտքում Հայաստանին գրկաբաց չեն սպասում, և հակառուսականությունը հաճախ օգտագործեց՝ որպես ներքին խաղաքարտ, ինչի միջոցով արդարացնում էր սեփական իշխանության բոլոր ձախողումները:

Որն էլ լինի ճշմարտությունը, հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամը խորանում է, ինչը որևէ լավ բան Հայաստանին չի խոստանում:

Սուրեն Սուրենյանց