Անընդունելի են Բաքվի՝ արաբական աշխարհի երկրների հետ ՀՀ փոխգործակցության ավանդական հիմքերը խաթարելու փորձերը. Միրզոյան

Անընդունելի են Բաքվի՝ արաբական աշխարհի երկրների հետ ՀՀ փոխգործակցության ավանդական հիմքերը խաթարելու փորձերը. Միրզոյան

Անընդունելի են Ադրբեջանի՝ արաբական աշխարհի երկրների հետ Հայաստանի փոխգործակցության ավանդական հիմքերը խաթարելու փորձերը: Այս մասին, այսօր՝ մարտի 7-ին Կահիրեում Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ով այնտեղ է գտնվում աշխատանքային այցով:

ԱԳՆ-ից  հայտնում են, որ զրուցակիցները շեշտել են, որ հայ և արաբ ժողովուրդների հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա՝ այս համատեքստում նշելով նաև արաբական երկրներում հայ համայնքների դերը:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ Արաբական աշխարհի երկրներում հայկական ներկայությունը քրիստոնյա և մուսուլման ժողովուրդների համակեցության լավագույն օրինակն է: Այս առնչությամբ նախարար Միրզոյանն անընդունելի է համարել Ադրբեջանի՝ տարբեր հարթակներում կրոնական գործոնն արհեստականորեն շահարկելու, արաբական աշխարհի երկրների հետ ՀՀ փոխգործակցության ավանդական հիմքերը խաթարելու անհիմն փորձերը:

Կարևորվել է պարբերական կապերն ու քաղաքական երկխոսությունը Արաբական պետությունների լիգայի հարթակում և անդամ երկրների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի։

ՀՀ ԱԳ նախարարն իր զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև 2022թ․ դեկտեմբերից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի մանրամասները: