Փաշինյանն, ըստ էության, չի կարողանա մերժել Պուտինին

Փաշինյանն, ըստ էության, չի կարողանա մերժել Պուտինին

Պաշտոնական Կրեմլը դեռ օրեր առաջ հայտարարեց, որ այս ամսվա վերջում եռակողմ հանդիպում է նախատեսվում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։

Սպասվում էր, որ Կրեմլի հաղորդագրությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանը հաղորդագրություն կտարածեն՝ հաստատելով հանդիման առաջարկ ստանալու լուրն ու նշելով, որ պատրաստվում են մեկնել ՌԴ։ Սակայն, երկու կողմն էլ դեռ լռություն են պահում։ 

Պաշտոնական Երևանի լռությունն այս օրերին ուղեկցվում է ՔՊ-ականների հայտարարություններով։ Օրինակ, ՔՊ-ական Գագիկ Մելքոնայնը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Փաշինյանը, շատ հավանական է, որ չգնա, քանի որ վերջին շրջանում “մենք ՌԴ-ից ոչ մի լավ բան չենք տեսել”։ ՔՊ-ական Հակոբ Ասլանյանն էլ MediaHub-ի հետ զրույցում նշել էր, որ դեռևս նման առաջարկ ՀՀ վարչապետը չի էլ ստացել։ Այսինքն՝ երեկ կար հստակ ուղերձ, որ ՀՀ-ն կխուսափի այդ՝ եռակողմ հանդիպումից, հատկապես, երբ հայտնի դարձավ նաև, որ արգելվել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը մեր երկիր։

Այս ամենից հետո քաղաքագիտական հանրությունն ահազանգեց, որ Հայաստանն այս ամենով սրում է հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Բայց, մեկ օր անց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, կմեկնի ՌԴ։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե Փաշինյանը մեկնելու լինի, ապա ճիշտ ժամանակին իրենք հաղորդագրություն կտարածեն։ 

Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանն ու Ալիևն այս պահին սպասում են, որպեսզի հստակեցվի՝ երբ է տեղի ունենալու հանդիպումը, որից հետո երկու պետություններն էլ հաղորդագրություն կտարածեն՝ հաստատելով իրենց այցը ՌԴ։

Նշենք նաև, որ քիչ առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նաև ենթադրեց, որ, բացի եռակողմ հանդիպումից, կկայանա նաև հանդիպում Փաշինյան-Ալիև ձևաչափով:

Նարե Գնունի