Անկլավներից մեկը գտնվում է Տավուշի Ոսկեպարի հարեւանությամբ․ Փաշինյան

Էս վերջերս, երբ գնացել էի Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնք, հանդիպեցի նաեւ ոսկեպարցիների հետ, քննարկեցինք անկլավների մասին հարցը, ներկայացրեցի քննարկվող տարբերակները, խոստացա՝ հստակ որոշում լինելու դեպքում իրենց տեղեկացնել․ MediaHub-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանին տրվող այսպես ասած անկլավների հարցին։

«Ոսկեպարն այդ խնդրի ամենաշահառու համայնքներից մեկն է, ընդ որում՝ երկու կողմից՝ եւ՛ ճանապարհի, եւ՛ անկլավներից մեկն է գտնվում  Ոսկեպարի հարեւանությամբ։ Կուսակցական ֆորմատով քննարկման ժամանակ էլ այդ հարցը բարձրացվեց, ես իրենց ասացի՝ եկեք այդ հարցի հոգեբանական կողմը փոխենք, հասկանանք՝ խոսում ենք պատերազմի, թե խաղաղության մասին։ Եթե խոսում ենք խաղաղության մասին, դա ընդամենը տեխնիկական կազմակերպչական հարց է, իսկ եթե խոսում ենք պատերազմի մասին՝ այո, շատ սուր հարց է։ Այս բոլոր մարտահրավերները գիտակցում ենք։ Մենք բոլոր պրոբլեմներն էլ, այլընտրանքներն էլ, լուծումներն էլ գիտենք։ Խնդիրն այն է, թե մենք այդ հարցը դիտում ենք պատերազմի, թե խաղաղության մեջ։ Եթե խաղաղության՝ հարցն այդքան ծանր չի, իսկ եթե պատերազմի՝  ծայրահեղ ծանր հարց է»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ անկլավների թեման քաղաքական մակարդակում շատ վաղուց է գոյություն ունեցել, ըստ նրա՝  1999թ․-ի տարածքների փոխանակման փաստաթղթի մեջ հոդվածներից մեկը նվիրված է անկլավներին։

«Հարցը քաղաքական եւ իրավական կողմ ունի։ Քաղաքական մակարդակում՝ Մյունխենում եւ Բրյուսելում եղել է խոսակցություն, որ մենք փոխադարձաբար ճանաչում ենք անկլավների գոյությունը, այսինքն, որ կա Արծվաշեն, որը պատկանում եւ պատկանել է Հայաստանի Հանրապետությանը եւ ՀՀ-ի տարածքում գտնվող անկլավներ, որոնք պատկանել են Ադրբեջանին։ Քաղաքական մակարդակում մենք դա ճանաչում ենք, իրավական մակարդակում  լրացուցիչ հարցեր ունենք առնվազն նրանցից մի քանիսի հետ կապված»,-հայտնեց Փաշինյանը։ 
Նրա խոսքով՝ միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչելուց հետո առաջ է գալիս անկլավների հարցը, որի լուծման երկու տարբերակ կա։ 

«Որ անկլավը սահմանից այն կողմում է, մնում է այդ երկրի տարածքում, որը սահմանից այս կողմ է գտնվում,  սահմանից այս կողմ գտնվող երկրի տարածքում։ Եթե կողմերից մեկը չի ուզում, օրինակ մենք գնանք ասենք՝ Արծվաշենը չենք ուզում, կարող ա պարզվի ՀՀ ինքնիշխան տարածքից ենք հրաժարվում։ Գոնե սա այն կետն է, որտեղ ճկունության շատ մեծ տեղ կա»,-ընդգծեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում