Արդյո՞ք սպասվում են արտահերթ ընտրություններ 

Արդյո՞ք սպասվում են արտահերթ ընտրություններ 

Նիկոլ Փաշինյանի վերջին քայլերը հենց այդ վարկածի օգտին են խոսում՝ ՏԻՄ ամբողջական ուզուրպացիա, խոշոր կապիտալի դեմ ոտնձգություններ, մարզային այցեր՝ նախընտրական տրամաբանությամբ և վերջապես՝ Արցախի հանձնումը «մարսելու» և խաղաղության պայմանագիրը նախապատրաստելու անհրաժեշտություն:

Շաբաթ օրը Փաշինյանը հնարավորինս անլրջացրեց թեման, իհարկե՝ շեշտադրումով, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու:

«Էս մարզային հանդիպումների շարքը, որը ընդդիմության շրջանում նոր արտահերթ ընտրությունների պատրաստվելու մասին է, և բանը հասել է նրան, որ արդեն մարդիկ... հիմա ես սա կարող եմ չասել՝ նկարահանվում է, թողնեմ, որ մարդիկ իրենց ռեսուրսը ծախսեն գարնանը կայանալիք արտահերթ ընտրությունների վրա, շտաբներ բացեն, պարտք վերցնեն, վարկ վերցնեն»,- Իջևանում իր կուսակիցներին ասել էր նա։

Երեկ արդեն ՔՊ վարչության անդամ Վաղարշակ Հարությունյանը ֆեյք օրակարգ է համարել այս հարցը:

«Ընդհանրապես ինչո՞ւ են լինում արտահերթ ընտրություններ: Արտահերթ ընտրություններ լինում են, երբ որ ժողովրդի կամարտահայտությունը չի լինում այնպես, ինչպես Սահմանադրության ձևաչափն է, Սահմանադրության պահանջն է: Արտահերթ ընտրություններ, դուք տեսաք, տեղի ունեցան պատերազմից՝ ազգային աղետից հետո, երբ մենք դրա միջով անցանք։ Նաև խնդրում եմ ձեզ այս ֆեյք օրակարգերի մեջ չմտնել, նման բան չկա»,- ասել է նա:

Իհարկե, Փաշինյանի և ՔՊ մյուս գործիչների «երդումներին» հավատալ պետք չէ, շատ հաճախ նրանք հանդես են եկել հրապարակային հայտարարություններով, հետո արել են ճիշտ հակառակը:

Բայց այս դեպքում ուղղակի ապշեցուցիչ է Հակոբյանի ցինիզմը. փաստորեն նա համարում է, որ Արցախի հանձնումն ազգային աղետ չէ, այսինքն՝ այնպիսի մի իրադարձություն չէ, որը կարող է հանգեցնել արտահերթ ընտրությունների:

Նման հայտարարություններն ավելի են ամրապնդում այն տեսակետը, որ Արցախի հանձնումը եղել է Փաշինյանի հետևողական քաղաքականության հետևանքը:

Վահրամ Բագրատյան