Ոչ ստանդարտ լուծումներ՝ Արցախում

Ոչ ստանդարտ լուծումներ՝ Արցախում

Առաջիկայում քննարկումներ կսկսվեն միասնական քաղաքական օրակարգ  ձևավորելու ուղղությամբ: Խոսքը չի վերաբերում կոալիցիոն կառավարություն ձևավորելուն, բայց մեզ անհրաժեշտ է ներքին կուռ միասնություն․ շաբաթ օրն այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Կոալիցիոն կառավարությունները քաղաքական պայքարի, մրցակցության գործիք են, որոնք բնորոշ են դեմոկրատական երկրներին։ Արցախն, իհարկե, դեմոկրատական երկրին բնորոշ հատկանիշներ ունի, սակայն ապրում է կիսապատերազմական, ֆորս-մաժորային իրավիճակում, երբ անհրաժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ։

Առաջին տեղում անվտանգային խնդիրներն են, որոնց Արցախը բախվել է 44-օրյա պատերազմից հետո։

Մինչև պատերազմն Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանն էր ու հանգիստ կարելի էր ԼՂՀ-ում զարգացնել քաղաքական համակարգը՝ մրցակցության էլեմենտներով, ընտրություններով։ Իհարկե, քաղաքական համակարգի «խմբագրման» հարցում որոշակի դերակատարություն ուներ պաշտոնական Երևանը, սակայն դա բնական էր դիտվում։ Ի վերջո, Արցախի քաղաքական համակարգը հայաստանյան համակարգի մի մասն էր, դրա շարունակությունը։

Պատերազմն իրավիճակ փոխեց՝ արմատապես։

Հիմա Արցախի անվտանգության ապահովման հարցում Հայաստանը գրեթե որևէ դերակատարություն չունի․ այդ խնդիրը լուծում են Ռուսաստանի խաղաղապահները։

Դրանից ածանցվում է նաև Արցախի պետական, քաղաքական համակարգերի ադապտացման խնդիրը։

Սահմանադրական ռեֆորմը, նոր ընտրությունների անցկացումն անհրաժեշտություն են, սակայն դրանց հասնելու համար՝ Արցախը պետք է անցնի սուբեկտության գոնե մասնակի վերականգման փուլ։

Այս համատեքստում է կարևոր միասնական քաղաքական օրակարգ  ձևավորելու իմպերատիվը։

Վահրամ Բագրատյան