Վահագն Խաչատրյանը կատարեց իր «ընտրությունը»՝ տեղավորվելով Փաշինյանի «գրպանում»
Խորհրդարանում երեկ քննարկվում էր ՀՀ նախագահի ընտրության հարցը:
Նախագահի միակ թեկնածուն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն է, որին առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել ու բոյկոտեց նիստը։ ԱԺ քիչ հետո մեկնարկող նիստում կհրապարակվեն ընտրությունների առաջին փուլի արդյունքները։ ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, սակայն, չունի այդքան թվով պատգամավոր, հետևաբար՝ առաջին փուլով Խաչատրյանը չի ընտրվելու։
Այնուամենայնիվ, հենց այսօր Խաչատրյանը կդառնա երկրի հինգերորդ նախագահ, քանի որ երկրորդ փուլում պահանջվում է ընդամենը 65 կողմ ձայն՝ ավելի քիչ, քան ՔՊ խմբակցության պատգամավորների քանակն է։ Երեկ Վահագն Խաչատրյանն անդրադարձել է ընդդիմության բոյկոտի թեմային։
«Քաղաքական այս վարքով միգուցե ընդդիմությունը փորձում է ցույց տալ, որ քաղաքական այն գործունեությունը, որը ծավալում է պառլամենտական մեծամասնությունը ոչ լեգիտիմ է։ Այդպես չէ։ Ես, համենայնդեպս, այդպես չեմ գնահատում»,- ասել է նա։
Խաչատրյանը, թերևս, չի գիտակցում, որ լեգիտիմությունն՝ իրավականից բացի, ունի նաև քաղաքական բաղադրիչ։ Ահա, այս հարթության վրա՝ քաղաքական առումով, Խաչատրյանը լեգիտիմ չէ, մանավանդ, որ հանրապետության նախագահը պետք է լինի համազգային միասնության սիմվոլ, քաղաքական կոնյուկտուրայից վեր կանգնած պաշտոնյա։
Միայն ՔՊ նախագահը չեմ լինելու, ոչ ես եմ դա ուզում, ոչ ՔՊ-ն․ ասում է պոտենցիալ նախագահը՝ թերևս բոլորից լավ գիտակցելով, որ քվեարկության արդյունքները միանգամայն հակառակ պնդումն են հաստատում։
Վահագն Խաչատրյանը պարկեշտ, բանիմաց անձնավորություն է ու այս առումով` ՔՊ-ն հաջող ընտրություն է կատարել։ Բայց այստեղ պոզիտիվն ավարտվում է, որովհետև Խաչատրյանը գիտակցված մասնակցում է իշխանությունը կենտրոնացնելու Փաշինյանի քաղաքականությանը։ Սա Խաչատրյանի ընտրությունն է, որի համար նա պատրաստ պետք է լինի արժանանալ բուռն քննադատության` նույնանալով Փաշինյանի, նա ավտորիտար նկրտումների հետ։
Վահրամ Բագրատյան