Վարչապետն է որոշելու՝ թուրքերին ու ադրբեջանցիներին անձնագիր տրամադրել, թե՝ ոչ

Վարչապետն է որոշելու՝ թուրքերին ու ադրբեջանցիներին անձնագիր տրամադրել, թե՝ ոչ

Արդեն հայտնել ենք, որ Կառավարությունը ներկայացրել է որոշման նախագիծ, ըստ որի՝ Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Ըստ ՀՀ ոստիկանության ներկայացրած չափորոշիչների՝ այդ օտարերկրացիները պետք է առնվազն 150 հազար դոլար ներդրում կատարեն մեր բյուջեում։

MediaHub.am-ը հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ հասկանալու, թե ի՞նչ հիմքով են մշակվել այս չափորոշիչներն ու արդյո՞ք Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքացիներն էլ կարող են հայկական անձնագիր ստանալ։

- Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներն է՞լ կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ, նրանց համար որևէ սահմանափակում կա՞, թե՞՝ ոչ։

- Նախագծով առաջարկվող հիմքով՝ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը նախատեսված է «Հայաստանի Հանարպեռության քաղաքացիությա» մասին օրենքի 7-րդ հոդվածի վեցերորդ մասով, որի համաձայն, անձին քաղաքացիություն շնորհելու մասին ՀՀ նախագահին առաջարկություն է ներկայացնում ՀՀ վարչապետը՝ առանց օրենքի 7-րդ հոդվածի 1-5-րդ մասերի պահանջների պահպանման։ ՀՀ վարչապետի կողմից ՀՀ նախագահին ներկայացվող առաջարկությանը կցվում են անձի՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու վերաբերյալ համաձայնությունը, ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը և ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացությունը, որն ստանում է ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ ԱԱԾ հարցում կատարելու միջոցով։

- Ինչո՞ւ է սահմանվել 150 000 ԱՄՆ դոլար ներդրման սահմանաչափը։

- 150 000 ԱՄՆ դոլար ներդրման սահմանաչափը որոշվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը, ՀՀ քաղաքացիություն ստանալն առավել գրավիչ դարձնելու անհրաժեշտությունը։ Տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի գնահատման չափանիշները մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։ Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Կառավարության որոշման նախագիծը դեռևս գտնվում է լրամշակման փուլում։

- Ներդրումից հետո որքա՞ն ժամանակ անց ներդրողը կարող է դիմել քաղաքացիություն ստանալու համար (գործընթացի տևողությունը որքա՞ն է)։

- Ներդրումից հետո քաղաքացիություն ստանալու համար դիմելու ժամկետներ սահմանված չեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է որոշման նախագիծ, ըստ որի՝ Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտաերկրյա քաղաքացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն։

Նարե Գնունի