Գաղտնալսված դատախազները հաղթել են Գլխավոր դատախազին, «Մատնիչներ» են գործուղել շարժման հավաքներին. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Պետական գերատեսչությունների միջին օղակների պաշտոնյաները շարունակում են բացատրական աշխատանք տանել շարժմանը մասնակցած աշխատակիցների հետ, որոնք ներկա են եղել հանրահավաքներին ու այլ ակցիաների։ Պատմում են, որ ղեկավար կազմերը, հանրահավաքների տեսագրությունները դիտելուց բացի, գրեթե բոլոր հաստատություններից մեկական «մատնիչ» են գործուղել դեպքի վայր: Հրահանգել են նկարել իրենց աշխատողներին եւ ապացույցներ ներկայացնել վերադասին։
Ի դեպ, ըմբոստ աշխատակիցներն էլ իրենց հերթին լծված են «հուդաների» հայտնաբերման գործին եւ, բանուգործը թողած, փորձում են հայտնաբերել, թե ովքեր են «գործ տվողները»։ Այս առումով ամենալիբերալը ֆինանսների եւ կրթության նախարարություններն են, որտեղ, ըստ լավատեղյակ աղբյուրի, որոշակիորեն հաշվի են նստում երկրում տիրող իրողությունների հետ` ընդդիմադիրների հայտնաբերմամբ չեն տառապում, ավելին՝ գործ տվողներին էլ սաստում են, որ աշխատանքային ժամերից հետո աշխատակիցներն ազատ են` ինչ ուզեն, կարող են անել: Այստեղ հասկացել են, որ իշխող թիմում չկան ոլորտային մասնագետներ, եւ նեղացնել, հեռացնել կադրերին, կնշանակի կաթվածահար անել համակարգը։ Փոխարենը «ստրկատիրական կարգեր» են հաստատվել Գնել Սանոսյանի ղեկավարած համակարգում, որտեղ հարցը խիստ է դրված` կա՛մ մասնակցում եք ընդդիմության պայքարին, կա՛մ հեռանում եք։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գաղտնալսված դատախազ Ապրես Գրիգորյանը, որին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գաղտնալսումից հետո աշխատանքից հեռացրեց, դատարանում հաղթել է Աննա Վարդապետյանին:
Այս տարվա՝ 2024 թվականի մայիսի 24-ին Վճռաբեկ դատարանը բավարարել է Ապրես Գրիգորյանի Վճռաբեկ բողոքը: Ըստ Վճռաբեկ դատարանի՝ պետք է վերացվի ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ 11.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը, եւ կայացվի նոր դատական ակտ՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 17.08.2023 թվականի որոշումը եւ Ապրես Գրիգորյանի միջնորդությունը բավարարել՝ կասեցնել ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշման եւ 14.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 313-Ա հրամանի կատարումը: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ»:
Այսպիսով՝ գլխավոր դատախազը ստիպված է կատարել դատարանի վճիռը եւ գաղտնալսված դատախազին հետ ընդունել աշխատանքի:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի դատախազության՝ արդեն նախկին դատախազ Ապրես Գրիգորյանի եւ մեկ այլ դատախազի աշխատասենյակում ամիսներ առաջ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել, նրանց ձերբակալել, ապա բաց էր թողել։ Մամուլը գրեց, որ Գրիգորյանը դատախազ Աննա Վարդապետյանին հայտնել է ԱԱԾ-ում իրեն խոշտանգելու մասին, իսկ Վարդապետյանը խոշտանգման մասին դատախազի հաղորդումն ուղարկել է ԱԱԾ, այսինքն՝ այն նույն մարմին, որտեղ, ըստ Գրիգորյանի, իրեն խոշտանգել են։ Արդյունքում՝ գաղտնալսված ու խոշտանգված դատախազներին ազատեցին պաշտոնից, իսկ ահա Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը ազատվեց պաշտոնից այն բանի համար, որ փորձել էր հետամուտ լինել, որ դատախազին խոշտանգողները պատժվեն։ Դատախազին աշխատասենյակում խոշտանգելն անպատիժ թողնելու պատմությունն էլ դարձել էր Պետրոս Պետրոսյանի ու գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանի հրաժարականի պատճառը։
«Գլխավոր դատախազը ե՞րբ է գաղտնալսված ու խոշտանգված դատախազին ընդունելու աշխատանքի՝ կատարելով դատավճիռը». «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հորդորեցին դիմումն ուղարկել գրավոր»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ադրբեջանում գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն առաջիկայում կանգնելու է դատարանի առջև։ Գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է գործի նախաքննության ավարտի մասին, նշել, որ նյութերին ծանոթանալուց հետո միանգամից 15 մեղադրյալի մասով գործն ուղարկվելու է դատարան։ 2023 թվականի սեպտեմբերի վերջին ադրբեջանցիներն առևանգեցին և կալանավորեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին և նրա տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանին, նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին ու Արայիկ Հարությունյանին։
Ամիսներ շարունակ նրանք մնացել են կալանքի տակ, և Հայաստանի իշխանությունները մատը մատին չեն խփել արցախցի զինվորականներին և նախկին պաշտոնյաներին հետ վերադարձնելու համար, ընդհակառակը՝ Հայաստանի գործող վարչախումբը ցուցադրաբար ուշադրություն չէր դարձնում Բաքվում գտնվող ռազմագերիների վրա, որևէ ջանք չէր գործադրում նրանց պաշտպանելու ուղղությամբ։ Ի սկզբանե տեղեկություններ էին շրջանառվում, որ նրանց հանձնելու մեջ խառն է նաև Նիկոլ Փաշինյանի մատը։ Այս տեղեկությունները թեև չեն հաստատվել, բայց այն, որ փաշինյանական իշխանությունը և նրա սպասարկուներն օգնել են հրապարակային վարկաբեկել գերիներին, փաստ է։
Ադրբեջանը մի քանի անգամ արտահոսքեր կազմակերպեց իբր գերիների տված ցուցմունքների վերաբերյալ, նաև պարբերաբար ձգձգում էր քննությունը։ Մեկ անգամ նույնիսկ հայտարարվեց, որ հրապարակվելու է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը, բայց Ադրբեջանն այդպես էլ հարցազրույցը չի հրապարակել։ Ըստ շրջանառվող լուրերի, Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով։ Գերիներից որոշները նույնիսկ հացադուլ են հայտարարել, իսկ Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպանական թիմն ակտիվորեն պայքարում են ոչ միայն նախկին պետնախարարի, այլև մյուս ռազմագերիների իրավունքների համար։ Ի վերջո, առաջիկայում գործը կմտնի դատարան, ընդ որում՝ Ադրբեջանն իսկական շոու կազմակերպելու համար մտադիր է ոչ թե առանձին–առանձին գործեր ներկայացնել, այլ մեկ ընդհանուր փաթեթով, ինչը, նշենք, իրավաբանական նոնսենս է։
Ձերբակալված անձինք տարբեր տարիների, տարբեր ոլորտների համար են պատասխանատվություն ստանձնել, և մեկ փաթեթով նրանց դատելը դեմ է իրավունքի բոլոր նորմերին։ Այդ հանգամանքը, սակայն, Բաքվին բոլորովին չի մտահոգում։ Նրանք ցանկանում են մեծ շոու կազմակերպել այդ ամենից։ Չի բացառվում, որ ձերբակալվածներից որոշներն ամիսների ընթացքում կոտրված լինեն կտտանքների տակ, կամ էլ գործարքի գնացած լինեն Ալիևի վարչակազմի հետ, և դատարանում գուցե նվաստացուցիչ ցուցմունքներ ու կեղտոտ սենսացիաներ հնչեն, որոնք թույլ են տալու Ալիևին առաջ մղելու իրեն անհրաժեշտ նարատիվները՝ ցեխ շպրտելով Հայաստանի և Արցախի վրա, իսկ արևմտյան իրավապաշտպան մեքենան, ինչպես և արևմտյան քաղաքական գործիչներն ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում հայ ռազմագերիների վրա։ Վերջին հաշվով, Բաքվի դատարանում առաջիկայում սպասվող ամոթալի գործողությունն առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանի մեղքով է, հենց նա է պատասխանատու Արցախի նախկին իշխանավորների գերեվարման համար։