Մեր դեմ հարուցված գործերի մեջ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում․ Մակար Պետրոսյան

Մեր դեմ հարուցված գործերի մեջ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում․ Մակար Պետրոսյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «ՄԱՊ» գինու-կոնյակի գործարանի հիմնադիր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) դեմ հարուցված քրեական գործերը այս պահին դատական փուլում են։ Մի մասով՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին փողերի լվացման հարցում օժանդակելու համար հարուցված գործով 2022 թվականի հուլիսին առաջին ատյանի դատարանը արդարացրել էր Ալեքսան Պետրոսյանին։ Բայց դատախազույթունը բողոքարկել է դատարանի որոշումը։ 
Մյուս գործը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, որով դատախազությունը պահանջում է նախկին պատգամավորից և նրա կնոջից՝ Լուսիկ Պետրոսյանից բռնագանձել 1մլրդ դրամից ավելի գումար, բաժնեմասեր, հողատարածքներ և այլն։ Այս գործն այս պահին Հակակոռուպցիոն դատարանում է՝ նախագահությամբ դատավոր Նարինե Ավագյանի։

MediaHub-ի հետ զրույցում Ալեքսան Պետրոսյանի որդին՝ «ՄԱՊ» ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանն ասաց, որ գործերը դատական փուլում են գտնվում, ինչով էլ ինքը հիմա կաշկանդված է և շատ բան չի կարող ասել՝ նշելով․ «Մի մասով մենք առաջին ատյանում հիմնական դատով արդարացում ունեցանք, երկրորդ մասով դեռ որոշումը չունենք, Վերաքննիչ դատարանում ճշգրտման հետ կապված հարց կա, ուղարկում են առաջին ատյան։ Այսքանը կարող եմ ասել։ Ապօրինի գույքով ևս գործը դատարանում է, հուսամ՝ ամեն ինչ շատ լավ կլինի»։

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում ձեր ընտանիքի դեմ սկսված այս գործընթացը, հատկապես, որ Դուք, Ձեր հայրը քաղաքականապես ակտիվ էլ չեք, որ ասեն՝ հենց խոսում են, քննադատում են իշխանություններին, անմիջապես քրեական գործ են հարցում, որ լռեցնեն։ Ըստ Ձեզ՝ ապօրինի՞ է այս գործընթացը, թե՞ որոշակի հիմքեր կան, և դատարանում կփորձեք պաշտպանվել։

-Մենք ոչ թե կփորձենք պաշտպանվել, այլ մենք շատ պինդ ենք պաշտպանության առումով։ Հուսով եմ, որ այն դիրքորոշումները, որ ներկայացնում ենք դատախազությանը, իրենց համար բավարար կլինի վերահաշվարկ կատարելու։

-Այդ դեպքում, եթե անմեղ եք ու արդար, ինչո՞ւ է ձեր դեմ այսպիսի գործընթաց սկսվել։

-Աշխարհում այնքան անմեղ մարդ կա, որ դատարաններով անցնում են ու վերջում ֆիքսում, որ իրենք արդար են եղել։ Այսինքն՝ այս մասով մեր ակնկալիքն այն է, որ եթե իրոք մենք ներկայացնում ենք այն հիմնավորումները, որոնք կարող են դատախազությանը հանգեցնել նրան, որ վերահաշվարկ կատարի և իրականում տեսնի, որ որևէ ապօրինի բան այնտեղ չի արվել, կամ այն դրամական մուտքերն ու հաստատված եկամուտները, որ ունեցել ենք մենք մինչև, օրինակ, խաղողի այգի գնելը և դրանք մենք հիմնավորված գումարներով ենք գնել, ես շատ հույս ունեմ, որ դատախազությունը կընդունի մեր հիմնավորումները և վերահաշվարկ կանի՝ հաստատվելով, որ, իրականում, որևէ ապօրինի գույք չկա այնտեղ։ Բայց ես այլ կերպ եմ վերլուծում, որ եթե մարդիկ մտահոգություններ ու կասկածներ ունեն և՛ ապօրինի գույքի մասով, և՛, առհասարակ, մեր արդար կամ ոչ արդար գործունեության մասով, ես շատ նորմալ եմ նայում, եթե դրա նախաքննությունն արվի, ուղարկվի դատարան՝ դատարանում պարզվի։

-Քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք այս ամենի մեջ ձեր նկատմամբ։

-Ոչ, չեմ տեսնում։ Եթե քաղաքականությամբ չենք զբաղվում, քաղաքական ենթատեքստ, ամեն դեպքում, չենք էլ կարող տեսնել։

-Ինչո՞վ է զբաղվում պարոն Պետրոսյանը, եթե քաղաքականությամբ չի զբաղվում,  Դուք էլ բիզնեսով եք զբաղվում։

-Պարոն Պետրոսյանն ինձ խորհուրդներ է տալիս, անգին խորհուրդներ՝  մեր ՄԱՊ-ի գործերով, բայց որևիցե առանձին գործառույթ ինքը չունի։ 

 -Իսկ հետաքրքրվո՞ւմ է երկրի վիճակով, Արցախի ճակատագրով, ստեղծված իրավիճակով։ 

-Ես չեմ կարծում՝ կգտնվի մի հայ, որը երկրի վիճակով և Արցախով չի հետաքրքրվի, բայց քաղաքականությամբ ինքն էլ չի զբաղվում, ես էլ չեմ զբաղվում։ Դե, տեսնում եք, էլի։ Բացի այդ, հայրս 70 տարեկան մարդ է, չի կարող ամբողջ կյանքում ակտիվ լինել։ Ինքը, ընդ որում, 2016 թվականից հետո չի զբաղվում քաղաքականությամբ, այսինքն՝ այնպես չի, որ 2018 թվականից հետո դադարեցրեց քաղաքականությամբ զբաղվելը։

Վահե Մակարյան