Վեհափառի դիպուկ խոսքը

Վեհափառի դիպուկ խոսքը

Հանրապետության 5-րդ նախագահ Վահագն Խաչատրյանի երդմնակալությունը մի քանի հանգամանքներով հիշվելու է։ Ցավոք, դրանք դրական չես համարի։

Օրինակ, խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել էր նաև ինագուրացիայի արարողությունը ու ինչքան էլ Խաչատրյանը ճգնի հանդես գալ «համազգային» կարգավիճակում՝ նա դատապարտված է ներկայացնել բացառապես ՔՊ-ն ու գործող իշխանությունը։ Գոնե առայժմ։
Նախկին նախագահներից որևէ մեկը նույնպես չէր մասնակցում երեկվա միջոցառմանը։ Այնքան էլ կարևոր չէ՝ դա բոյկոտ է անձամբ Խաչատրյանի՞ն, թե՞ նրա «հովանավոր» Նիկոլ Փաշինյանին։
Սակայն երեկվա երդմնակալության հիմնական իրադարձությունը դարձավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դիպուկ ելույթը, որն արդարև այսօրվա Հայաստանի իրական նկարագրությունն էր։

«Ձեր պաշտոնակալությունը տեղի է ունենում դժվարին ժամանակահատվածում, երբ հայրենիքը վիրավոր է արցախյան պատերազմի աղետալի կորուստներով, և հաղթահարված չեն պատերազմի առաջ բերած մարտահրավերները, երբ տակավին գերության մեջ են և անհայտ կորած մեր զավակները, և պարբերաբար շարունակվում են ոտնձգությունները հայրենյաց սահմանների նկատմամբ, երբ ներազգային կյանքում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը և ներհասարակական բևեռացվածությունը շարունակում են խռովել մեր ժողովրդի հոգին»,- ասել է Վեհափառը՝ ճշգրտորեն նկարագրելով Փաշինյանի քառամյա պաշտոնավարման տխուր հետևանքները։

Վեհափառը խոսել է նաև համազգային ճգնաժամի մասին․ «Ցավով ենք անդրադառնում, որ երկփեղկված է մեր ժողովուրդը ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում՝ պայմանավորված հայրենիքում տեղ գտնող մտահոգիչ զարգացումներով, ինքնության ճգնաժամով և ներքին խնդիրներով»։

Պատահական չէ, որ Գարեգին Երկրորդն այս խոսքը հնչեցրել է նորընտիր նախագահի երդմնակալության ժամանակ, որովհետև հենց պետության գլուխը պետք է դառնա ներհասարակական երկխոսության, համազգային միասնության խորհրդանիշը։
Վեհափառի ելույթի գնահատականները միանգամայն ճշգրիտ են, վախենամ՝ նորընտիր նախագահն անհաղորդ մնա ազգային միասնության անհրաժեշտության նրա պատգամին։

Տիգրան Գալստյան