Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Քարահունջ (լուսանկարներ)

MediaHub.am-ն իր հետևորդների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի տասնմեկերորդ տեսարժան վայրը՝ Քարահունջը։
Քարահունջ (Զորաց քարեր, Քարենիշ), նախապատմական մեգալիթյան կառույց, «Զորաց քարեր բնակատեղի» անունը կրող պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ։
2004 թվականին Հայաստանի կառավարության կողմից կառույցը ճանաչվել է որպես աստղադիտարան։ Այդ կարծիքին են նաև մի շարք գիտնականներ և հետազոտողներ, ովքեր նույնպես պնդում են, որ մեգալիթյան կառույցը հանդիսանում է աստղադիտարան։
Գիտական և սիրողական որոշ շրջանակներ մերժում են աստղադիտարան լինելու հանգամանքը և պնդում, որ այն դամբարանադաշտ է։ Մեգալիթյան կառույցի անվան և նշանակության մասին առկա հակասական կարծիքներն ու պնդումները հաճախ վերածվում են վեճերի ինչպես գիտական, այնպես էլ հասարակական շրջանակների միջև։
Քարահունջը գտնվում է Երևանից 200 կմ հարավ՝ 39°33′02″ հս․ լ. 46°01′42″ ավ. ե.HGЯO՝ ծովի մակարդակից 1170 մ բարձրություն ունեցող սարահարթում և զբաղեցնում է 7 հա տարածք Որոտան գետի Դարբ վտակի ձորի ձախ ափին։
Հնավայրի ժողովրդի մոտ տարածված անվանումն է Զորաց քարեր, իսկ Քարահունջ անվանումն առաջարկել է 1990-ականներին համալիրը հետազոտած ակադեմիկոս Պարիս Հերունին, իսկ Հայաստանի կառավարության 2004 թվականի հուլիսի 29–ի N1095 որոշման համաձայն Հայաստանի Սիսիան քաղաքի մոտ գտնվող քարե հուշարձանը անվանվել է «Քարահունջ աստղադիտարան»։ 2004 թվականին օգոստոսի 11–ին այդ որոշումը վավերացվել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից։
Նաև հայտնի են հնավայրի այլ անվանումները. Ցից քարեր, Դիք-դիք քարեր։
Քարահունջի տարիքի մասին առկա են բազմաթիվ, հաճախ իրար հակասող և ընդդիմացող տեսակետներ։ Մինչ օրս հուշարձանի տարիքի մասին առավել խորը ուսումնասիրությունը կատարել է ակադեմիկոս Պարիս Հերունին։ Նա «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում 3 առանձին մեթոդներով մանրամասն ներկայացրել է իր կատարած աստղագիտական, ֆիզիկական և մաթեմատիկական հաշվարկները, որով հիմնավորել է, որ Քարահունջը կառուցվել է ավելի քան 7500 տարի առաջ։ Հատկանշական է նշել, որ Սթոունհենջի տարիքը որոշվել է հենց 1-ին մեթոդով, ինչը բավականին տարածված է գիտնականների մոտ։
Քարահունջը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին քարերից, որոնք միասին կազմում են մեգալիթյան մոնումենտը։ Այդ կառույցներն են՝ կենտրոնական շրջանը, հյուսիսային և հարավային թևերը, հյուսիս–արևելյան քարուղին, շրջանը հատող լարագիծը, ինչպես նաև առանձին կանգնած քարեր։
Քարերը բազալտից են, որոնց բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մ, իսկ զանգվածը՝ մինչև 10 տոննա։ Քարերի մեծ մասը պահպանվել է, չնայած էրոզիայի ենթարկվելու պատճառով ծածկված են քարաքոսերով։ Անցքերը ավելի լավ են պահպանվել։ Կան նաև կոտրված քարեր։
Քարահունջի քարերը բերվել են մոտակա Դար գետի ձորի քարհանքից, բարձրացվել և տեղափոխվել են հյուսված պարաններով ու լծկան կենդանիների միջոցով։ Իսկ աստղադիտարանում բացվել են քարերի անցքերը ու պատրաստվել աստղագիտական գործիքները։