Նախկին պատգամավորը դատախազություն է ներկայացել

Ես երեկ ներկայացել եմ դատախազություն, չգիտեմ՝ չեմ հետաքրքրվել եղբայրս գնացել է, թե ոչ։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանը՝ խոսելով իրեն և եղբորը՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին դատախազություն հրավիրելու մասին։
«Նորություն չկա, սկավառակ են տվել, որի վրա պետք է նայենք, թե ինչ է անհրաժեշտ ներկայացնելու համար, որից հետո կներկայացնենք գույքերի ձեռքբերման փաստաթղթերը, որը վստահաբար մենք ունենք ու հանգիստ ենք, որևէ վախենալու բան չկա»,- ասաց նա։
Սահակյանը նշեց, որ 20 օրվա ընթացքում բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացնել, որին ինքը պատրաստ է։
«Ես մենակ եմ գնացել, ինձ հետ կապված բոլոր հարցերին պատասխանել եմ, մնացածն էլ ընթացքում կներկայացնեմ»,- շեշտեց նախկին պատգամավորը։
Հիշեցնենք, մամուլը գրել էր, որ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ու նրա եղբայր՝ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանը երկու տարբեր ուսումնասիրությունների շրջանակներում հրավիրվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն` իրենց գույքի առնչությամբ սկսված ուսումնասիրությունների շրջանակներում բացատրություններ տալու։ MediaHub-ի հետ զրույցում Սահակյանը նշել էր, որ այն գույքը, որը դատախազության համար կասկածելի է, ձեռք է բերել դեռ 90-ականներին և որևէ պաշտոնով պայմանավորված ոչինչ չի արել։
Լիաննա Թորոսյան