Նիկոլին չեմ ընդունում, դրա համար իմ տղային մարզական հավաքների չեն կանչում. Հակոբկոխյանին Ֆեդերացիան պատասխանել է

Նիկոլին չեմ ընդունում, դրա համար իմ տղային մարզական հավաքների չեն կանչում. Հակոբկոխյանին  Ֆեդերացիան պատասխանել է

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի ոսկե մեդալակիր Իսրայել Հակոբկոխյանը բողոքի ձայն  բարձրացրեց Հայաստանի բռնցքամարտի առաջնության առաջին մենամարտից առաջ` ընդգծելով, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան զրկել է իր որդուն` Հարություն Հակոբկոխյանին, մասնակցել երկրի առաջնությանը:

«Ես իմ ակցիան ռինգում եմ անում, որովհետև ես իմ կենսագրությունը  կերտել եմ ռինգում։ Իմ տղան 2–րդ տեղն է զբաղեցրել, բայց նրան ո՛չ հավաքների են կանչում, ո՛չ մրցումների։ Նիկոլին չեմ ընդունում որպես իմ երկրի գերագույն գլխավոր հրամանատար, դրա համար որոշել են այսպիսի պայքար տանել իմ որդու նկատմամբ։ Ես իմ ուժերով, իմ միջոցներով տղայիս մրցումների եմ տարել, որպեսզի նրա մոտ աճ լինի: Ֆեդերացիան, ի հակառակն ինձ, ոչինչ չի անում: Եղել է, որ առաջարկել եմ՝ իմ ֆինանսավորմամբ տղայիս էլ ընդգրկեն թիմ, թող մրցումների մասնակցի: Դա էլ թույլ չեն տվել: Ես էլ միջոցներ եմ գտել ու իմ հնարավորություններով տղայիս մրցումների եմ ուղարկում:

Դրանից հետո ֆեդերացիան  բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին, Եվրոպական ֆեդերացիային( EUBC), թե ինչու են թույլ տվել, որ բռնցքամարտիկը մասնակցի միջազգային մրցաշարի: Եվրոպական ֆեդերացիան նրանց պատասխանել է, որ Հայաստանի ֆեդերացիայի որոշման խնդիրն է, թող ֆեդերացիան որոշի: Նրանք էլ որոշել են այսօր իմ տղային թույլ չտալ, որ Հայաստանի առաջնության մասնակցի: Սա թշնամություն է իմ երեխայի, նրա մարզական կարիերայի նկատմամբ»,- ասել է նա։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը՝ մեկնաբանելով Իսրայել Հակոբկոխյանի բողոքի ակցիան առաջնության առաջին մրցումային օրը, ասել է՝ Իսրայել Հակոբկոխյանի որդին մասնակցել է մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, առաջարկել եմ նրան մարզվել հավաքականի հետ, բայց աշխարհի չեմպիոնը չի համաձայնել:

«Մի քանի բռնցքամարտիկներ, այդ թվում Հարություն Հակոբկոխյանը, առանց ֆեդերացիայի իմացության մասնակցել են միջազգային մրցաշարերի` խախտելով միջազգային ֆեդերացիաների կանոնադրությունը:Նրանք ներկայանում են այլ ֆեդերացիայի անվան տակ և ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը: Միջազգային ֆեդերացիաներից ստացել ենք մի քանի նամակներ, ըստ որի նրանք պահանջում են բացատրություն առ այն, թե ովքեր են ներկայացնում Հայաստանը: Մենք էլ մեր հերթին մարզադպրոցներին նամակագրությամբ հայտնել ենք, որ եթե ցանկություն ունեք մասնակցելու միջազգային մրցաշարերի, ապա դիմեք ֆեդերացիային, մենք դեմ չենք, բայց պետք է հասկանալ, թե ինչպիսի թիմով ենք ներկայանում։  Միջազգային ֆեդերացիան նամակների միջոցով ներկայացրել է այն բռնցքամարտիկների անունները, որոնց պետք է խստիվ նկատողություն ստանան: Ֆեդերացիան էլ նամակի միջոցով առաջարկել է բռնցքամարտիկներին ևս մեկ հնարավորություն տալ, ըստ որի մարզիկներն իրենց դիմումի միջոցով կփաստեն, որ նմանօրինակ դեպքեր չեն կրկնվի։ Այս տարի Հայաստանի առաջնությանը մասնակցում են մի քանի բռնցքամարտիկներ, որոնք միջազգային ֆեդերացիային նամակ են գրել և փաստել, որ նման միջադեպերը չեն կրկնվի: Իսկ Իսրայել Հակոբկոխկյանն ասաց, որ չի ստորագրում, կամ թող իրեն մեկ միլիոն դոլար տանք, որ ստորագրի»,-ասաց Հովսեփյանը: