Ի՞նչ է անելու ընդդիմությունը, որ ֆիզանձանց եկամուտների հայտարարագրումը չեղարկվի

MediaHub-ը գրել էր՝ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով, որը չզեկուցվող հարցերի փաթեթում էր, առաջարկում է չեղարկել ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի կիրառությունը:
Փաստաթղթում բառացի գրված է․ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է հետևյալը. «Նախագծով առաջարկվում է չեղարկել ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի կիրառությունը: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը ֆիզիկական անձանց կողմից ներկայացված եկամտային տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) չեն կարող օգտագործվել պետական իրավասու մարմինների կողմից իրականացվող վարչարարության շրջանակներում»։
Պարզվեց, որ այդ առաջարկն ԱԺ «Հայաստան» խմբակցությանն էր, որն ընդգրկվել է կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի ցանկում։ ՀՀ կառավարությունը մերժեց ընդդիմադիրների նախագիծը։
Ընդդիմադիր պատգամավորները կշարունակե՞ն պայքարել ֆիզանձանց համար հայտարարագրման համակարգի չեղարկման համար, արդյո՞ք քայլեր կանի «Հայաստան» խմբակցությունը, որ իշխանությունը կատարի իրենց պահանջը:
MediaHub-ը կապ հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։ Վերջինս լակոնիկ պատասխան տվեց՝ իրենց գործունեության տրամաբանության մեջ:
«Օրենսդրական նախաձեռնություն է եղել, որին կառավարությունը բացասական եզրակացություն է տվել, բայց դա չի նշանակում, որ այդ հարցը մենք չենք փորձելու մտցնել օրակարգ»,- նշեց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեն նշել է, որ 2024 թվականի համար ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։
Ըստ ՊԵԿ-ի՝ եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու (աշխատանքային պայմանագրի համաձայն) աշխատող կամ աշխատել եք քաղաքացիաիրավական պայմանագրով և դրա շրջանակում ստացել եք եկամտային հարկով հարկվող եկամուտ կամ նախորդ տարի՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել եք հայտարարագիր, ինչպես նաև ներառված եք 2025 թվականին հայտարարագիր ներկայացնողների մյուս խմբերում, ապա, այո, այս տարի պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր։
Մարիաննա Արամյան