Կրծքագեղձի քաղցկեղ. առաջացման պատճառները

Կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը հնարավոր կլինի կանխել առաջիկա տարիներին, ալկոհոլի կանոնավոր օգտագործումից հրաժարվելու և մարմնի քաշը նորմայի սահմաններում պահելու դեպքում: Այսպիսի եզրահանգման են եկել ավստրալացի գիտնականներն ավելի քան 200 հազար կանանց մասնակցությամբ վեց կոհորտ հետազոտությունների արդյունքում, գրում է Medicalxpress-ը:
«Մենք հայտնաբերեցինք, որ ժամանակակից ճարպակալման մակարդակը ապագայում կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելված դեպքերի մեծ մասի պատճառ կարող է հանդիսանալ՝ առաջիկա տասնամյակում կրծքագեղձի քաղցկեղի 17.5 հազար դեպքեր: Ալկոհոլին բաժին է հասնում 11.6 հազար դեպք »,- նշել է դոկտոր Մարիթ Լաակսոնեն:
Ավստրալացի հետազոտողների կարծիքով, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը մեծանում է օրական միայն մեկ ալկոհոլային խմիչք օգտագործելու դեպքում:
Բացի այդ, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման 7%-ի դեպքում ազդում է մենոպաուզայի շրջանում 5 և ավելի տարի հորմոնային թերապիա ընդունելը:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների Անդերսոնի անվան ուռուցքաբանության կենտրոնի գիտնականները հայտարարել էին, որ շաքարի մեծ քանակության օգտագործումը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը:
ժառանգական կրծքագեղձի քաղցկեղ
Ըստ որոշ գնահատականների կրծքագեղձի քաղցկեղի մոտ 5-10 տոկոսը կապված է գենային մուտացիաների հետ, որոնք ընտանիքում փոխանցվում են սերնդից սերունդ:
Հայտնաբերվել են մի շարք ժառանգական մուտացված գեներ, որոնք կարող են մեծացնել կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը: Առավել հայտնի են կրծքագեղձի քաղցկեղի գեն 1-ը (BRCA1) և կրծքագեղձի քաղցկեղի գեն 2 (BRCA2), որոնք երկուսն էլ զգալիորեն մեծացնում են ինչպես կրծքագեղձի, այնպես էլ ձվարանների քաղցկեղի ռիսկը:
Եթե ունեք կրծքագեղձի քաղցկեղի կամ այլ քաղցկեղի ուժեղ ընտանեկան պատմություն (անամնեզ), ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ անցնեք արյան թեստ՝ ուղղված BRCA-ի կամ այլ գեների հատուկ մուտացիաների հայտնաբերմանը, որոնք փոխանցվում են ձեր ընտանիքով:
Խնդրեք ձեր բժշկին, որ ձեզ ուղղորդի գենետիկական խորհրդատուին, ով կարող է գնահատել ձեր ընտանեկան առողջության պատմությունը: Գենետիկական խորհրդատուն կարող է նաև քննարկել գենետիկական թեստի օգուտները, ռիսկերը և սահմանափակումները՝ օգնելու ձեզ ընդհանուր որոշումներ կայացնելիս:
Ռիսկի գործոններ
Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի գործոն կարող է հանդիսանալ այն ամենը, ինչը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Սակայն մեկ կամ նույնիսկ մի քանի ռիսկի գործոններ ունենալը դեռ չի նշանակում, որ ձեզ մոտ զարգանալու է կրծքագեղձի քաղցկեղ: Կրծքագեղձի քաղցկեղով շատ կանայք չունեն որևէ այլ ռիսկի գործոն, քան այն, որ պարզապես կին են:
Կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի հետ կապված գործոնները ներառում են հետևյալը:
Կին լինելը. կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալը շատ ավելի հավանական է կանանց, քան տղամարդկանց մոտ (շուրջ 100 անգամ):
Մեծացող տարիք. կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը մեծանում է տարիքի հետ, և դեպքերի շուրջ 75%-ը հանդիպում է 50-ն անց կանանց շրջանում:
Կրծքագեղձի հիվանդությունների անձնական պատմություն. եթե անցել եք կրծքագեղձի բիոպսիա, որը հայտնաբերել է բլթային (լոբուլար) կարիցնոմա in situ կամ կրծքագեղձի ատիպիկ հիպերպլազիա, ապա ունեք կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկ:
Կրծքագեղձի քաղցկեղի անձնական պատմություն. եթե մի կրծքագեղձում ունեցել եք քաղցկեղ, ապա մյուս կրծքագեղձում քաղցկեղի զարգացման ռիսկը մեծանում է:
Կրծքագեղձի քաղցկեղի ընտանեկան պատմություն. եթե ձեր մոր, քրոջ կամ դստեր մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ, հատկապես երիտասարդ տարիքում, կրծքագեղձի քաղցկեղի ձեր ռիսկը մեծանում է: Այնուամենայնիվ, կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշված մարդկանց մեծ մասը հիվանդության ընտանեկան պատմություն չունի:
Ժառանգական գեներ, որոնք մեծացնում են քաղցկեղի վտանգը. որոշ գենային մուտացիաներ, որոնք մեծացնում են կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը, կարող են փոխանցվել ծնողներից երեխաներին: Ամենահայտնի գենային մուտացիաները կոչվում են BRCA1 և BRCA2: Այս գեները կարող են խիստ մեծացնել կրծքագեղձի քաղցկեղի և այլ քաղցկեղների ձեր ռիսկը, սակայն դրանք անխուսափելի չեն դարձնում քաղցկեղը:
Ճառագայթման ազդեցություն. եթե մանկական կամ երիտասարդ տարիքում ստացել եք կրծքավանդակի ճառագայթային բուժում, ձեզ մոտ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը մեծանում է:
Գիրություն. գեր լինելը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը, հատկապես դաշտանադադարից հետո:
Դաշտանի սկսվելն ավելի երիտասարդ տարիքում. 12 տարեկանից առաջ դաշտանի սկիզբը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը:
Դաշտանադադարի սկիզբն ավելի մեծ տարիքում. եթե դուք սկսել եք դաշտանադադարը ավելի մեծ տարիքում, ապա ավելի հավանական է, որ ձեզ մոտ զարգանա կրծքագեղձի քաղցկեղ:
Ավելի մեծ տարիքում առաջնեկին ունենալը. կանայք, ովքեր իրենց առաջին երեխային ծննդաբերում են 30 տարեկանից հետո, կարող են ունենալ կրծքագեղձի քաղցկեղի բարձրացած ռիսկ:
Երբեք հղի չլինելը. կանայք, ովքեր երբեք չեն հղիացել, ունեն կրծքագեղձի քաղցկեղի ավելի մեծ ռիսկ, քան մեկ կամ մի քանի հղիություն ունեցող կանայք:
Հետդաշտանադադարային հորմոնային բուժում. կանայք, ովքեր դաշտանադադարի գանգատներն ու ախտանիշները բուժելու համար ընդունում են էստրոգեն և պրոգեստերոն համատեղող հորմոնային բուժման դեղամիջոցներ, ունեն կրծքագեղձի քաղցկեղի մեծացած ռիսկ: Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազում է, երբ կանայք դադարում են օգտագործել այս դեղամիջոցները:
Ալկոհոլ խմելը. ալկոհոլի օգտագործումը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը։ Այդ ռիսկն ավելի է մեծանում, եթե օգտագործում եք ալկոհոլի ավելի մեծ քանակներ: