Հերթական ողբերգական դեպքը` Երևանում կառուցվող էլիտար շենքում․ նոր մանրամասներ

Հերթական ողբերգական դեպքը` Երևանում կառուցվող էլիտար շենքում․ նոր մանրամասներ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող բազմաբնակարանային շենքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցի թիվ 27/7 հասցեում կառուցվող շենքի վերելակի հորանում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16-րդ փրկարարական ջոկատից՝ Գևորգյանի գլխավորությամբ:

Փրկարարները նոր կառուցվող շենքի վերելակի հորանից դուրս են բերել Երևանի բնակիչ 66-ամյա Ավետիք Վ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը 3 օր է որոնվում էր որպես անհետ կորած:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դին փրկարարները դուրս են բերել և մոտեցրել դիատարին: