Կանխատեսելի նշանակում. «մեծ ոստիկանության» տեսլականը
Հայաստանի նախագահը երեկ հրամանագրեր է ստորագրել ոստիկանապետ Վահե Ղազարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու և ներքին գործերի նախարար նշանակելու մասին:
Այսպիսով՝ ըստ էության, ազդարարվեց նոր նախարարության փաստացի ձևավորումը, մանավանդ, որ երեկ տեղի ունեցան նաև նորանշանակ նախարարի տեղակալների նշանակումները:
Գործող ոստիկանապետի նախարարական նշանակումն ամենևին էլ հաջող նշանակում չենք համարում ու պատճառներն ամենևին էլ պայմանավորված չեն Վահե Ղազարյանի անձնական որակներով:
ՆԳՆ ստեղծումը ներկայացվեց՝ որպես համակարգային բարեփոխում, ինչը ենթադրում էր, որ կառույցի ղեկին պետք է գտնվեր ռազմավարական մտածողություն, քաղաքական բնավորություն ունեցող մարդ:
Ընտրվեց ճիշտ հակառակ տրամաբանությունը, ինչը բերելու է ռեպրեսիվ մեխանիզմի, մտածողության ուժեղացմանը պետական համակարգում, ըստ էության՝ փրկարար և միգրացիայի ծառայությունները կցվում են ոստիկանությանը:
Այդպես մտածելու բավարար հիմքեր կան, մանավանդ, որ ոստիկանությունում Ղազարյանի նախկին տեղակալներից մեկը՝ Կամո Ցուցուլյանը, նշանակվել է փրկարար ծառայության ղեկավար:
Տպավորություն է, որ տուրբուլենտ իրականության մեջ հայտնված Փաշինյանը ոչ թե կառուցվածքային բարեփոխումներ է իրականացնում, այլ ուժեղացնում է ոստիկանությունը, նրան բոնուսներ է տալիս՝ սեփական իշխանության հիմքերն ամրացնելու անթաքույց մտադրությամբ:
Ի վերջո, գործ ունենք մեկ այլ երևույթի հետ:
Մինչ կադրային այս նշանակումը, Փաշինյանի առաջ կանգնած էր Արմեն Փամբուխչյան- Վահե Ղազարյան երկընտրանքը, ու նա քաղաքական թիմակցին զոհաբերեց մանկության ընկերոջը՝ ավելորդ անգամ հաստատելով վարկածը, որ գործող իշխանությունն այլևս կլանային է:
Վահրամ Բագրատյան