Սյունիքում «չիստկաները» կշարունակվեն, Արթուր Վարդանյանն անժամկետ հացադուլ է հայտարարել. Մամուլը՝ սուրճով

Սյունիքում «չիստկաները» կշարունակվեն, Արթուր Վարդանյանն անժամկետ հացադուլ է հայտարարել. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը թեպետ թեւակոխել է պասիվ փուլ, ինչպես նախաձեռնողներն են ասում՝ վերակազմակերպման փուլ, սակայն իշխանություններին հանգիստ չի տալիս այս «մարած» շարժումը։ Փաշինյանի գրպանային ԱԱԾ-ն վերջին օրերին ակտիվորեն լծվել է ընդդիմադիր շարքերը պառակտելու, միմյանց իրար դեմ հանելու գործին: Իշխանական կայքերի ու ֆեյքերի միջոցով հրապարակ են նետում ապօրինի արված գաղտնալսումներ եւ փորձում ընդդիմության ներքին զրույցներով պառակտել ընդդիմադիր ուժերին։

Դիցուք, ՀՅԴ ԳՄ անդամ, այժմ կալանավորված Գերասիմ Վարդանյանի հեռախոսազրույցն ինչ-որ մեկի հետ, որում նա վիրավորական արտահայտություններ է անում Բագրատ սրբազանի, Սերժ Սարգսյանի, ընդդիմության այլ ներկայացուցիչների հասցեին, այդ նպատակն ունի։ ԱԱԾ-ի պառակտիչ գործողությունները, մեր տեղեկություններով, առաջիկայում շարունակվելու են: Ոմանց փորձելու են կոմպրոմատներով ու քրգործերով վախեցնել, մյուսներին` «վերբովկա անել»։ Շարժման ակունքներում կանգնած Սուրեն Պետրոսյանը, չնայած բազմիցս հերքել է իր «առեղծվածային անհետացման» արդյունքում իրեն «վերբովկա անելու» մասին լուրերը, սակայն դրանք համառորեն շարունակվում են` նորանոր մանրամասներ ի հայտ բերելով։ Ըստ դրանց, մինչեւ Երեւան գալը` Տավուշում, շարժման ակտիվը Պետրոսյանի մոտ «ժուչոկ» է նկատել, այդ օրվանից սկսել են չվստահել նրան։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազությունը խիստ է տրամադրված եւ ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղեւոնդյանին։ Մեզ հայտնի դարձավ, որ դատախազությունը բողոքարկել է հայտնի երգչի որդու ազատ արձակման որոշումը։

Ինչպես հայտնի է, մայիսի 23-ին Հրաչյա Ղեւոնդյանն ազատ էր արձակվել դատական նիստերի դահլիճից. դատարանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, մերժել էր նրան կալանավորելու՝ քննիչի միջնորդությունը։
Բանն այն է, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է կանխել: Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել հանրությանը «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկ Ղեւոնդյանի որդուն, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից. – «Ստեղ մի ելք կա՝ մտնենք կառավարությունը գրավենք, մտնենք Ազգային ժողով՝ գրավենք, մտնենք ոստիկանության շենք՝ գրավենք: Հիմա ես պատրաստ եմ մեռնեմ, ցավդ տանեմ, պիտի կրակեն՝ թող կրակեն, ավելի լավ ա մի 10-20 մարդ մեռնի, բայց, ընկեր, երկիր, պահես»:

Քննչականը պնդում է, թե այս խոսքերի հեղինակը Հրաչյա Ղեւոնդյանն է, որը նպատակ է ունեցել մի խումբ անձանց հետ զավթելու իշխանությունը. թե ովքեր են այդ անձինք, իրավապահները դեռ չեն պարզել, բայց, ըստ նախաքննական մարմնի, դիտարկվել էր նաեւ հանրահավաքին այդ ծրագիրն իրագործելու հարցը:

Ղեւոնդյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա փաստաբանը հայտարարել էր՝ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված, իսկ իր պաշտպանյալն իշխանությունը զավթելու որեւէ մտադրություն չի ունեցել:»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանական աղբյուրից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցից հետո սեւ-մութ ամպեր են կուտակվել ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի գլխին, ով, Կապանի տարածքային խորհրդի մյուս անդամների պես, արժանացել է գրավոր նկատողության՝ Կապանի ՔՊ-ում ներկուսակցական գզվռտոցի համար։ Սակայն կան տեղեկություններ, որ Բաբայանի դեպքում Փաշինյանը չի բավարարվելու նկատողությամբ, քանի որ այլ լուրեր էլ են ականջին հասել։

Ըստ դրանց՝ Նարեկ Բաբայանի ընկերոջ «Աննար» ընկերությունն է իրականացնում կոմբինատի հողային աշխատանքները, տրանսպորտային փոխադրումները, եւ Բաբայանը մեծ դերակատարում է ունեցել որոշ ընկերությունների հետ համագործակցությունը դադարեցնելու՝ ընկերոջը պատկանող ընկերությանը վստահելու հարցում։ Պայմանագրերից զրկված ընկերությունների սեփականատերերը, ենթադրվում է, «փորել» են Բաբայանի ոտքի տակ՝ Փաշինյանին հասցնելով անցանկալի ինֆորմացիան: Խնդիրը ոչ թե այն է, որ համեստ ապրող Բաբայանը սկսել է շատ բարեկեցիկ ապրել, այլ այն, որ ՔՊ-ն արդեն սկսել է առաջիկա ընտրությունների նախապատրաստությունը, եւ Փաշինյանը լուրջ մտավախություններ ունի, որ Բաբայանի գործունեության արդյունքում մի քանի հարյուր ձայն ՔՊ-ն կկորցնի այս տարածքում:

Մեր աղբյուրներն ասում են, որ  Փաշինյանը մտմտում է Նարեկ Բաբայանին ԶՊՄԿ-ից հեռացնելու հարցը` նրան փոխարինելով ավելի շրջահայաց ու համեստ ներկայացուցչով, եւ մտադիր է այս հարցը նախ քննարկել նեղ կռուգում` հունիսի 22-ին Ջերմուկում կայանալիք կուսակցական ժողովում։

«Իրավունք» թերթը գրում է. «Համահայկական ազգային պետականություն կուսակցության նախագահ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Վարդանյանին բիրտ ուժի կիրառմամբ հունիսի 19-ին երեկոյան բերման են ենթարկել եւ տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ. Նա անժամկետ հացադուլ է հայտարարել:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դեռեւս 2 տարի առաջ «Նորք-Մարաշ» խմբի գործով ՀԱՊ կուսակցության նախագահ Ա.Վարդանյանին մեղավոր էր ճանաչել՝ դատապարտելով ազատազրկման՝ 13 տարի ժամկետով, հաշվակցելով նախաքննության եւ դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը, վերջնական պատիժ սահմանվել էր 9 տարին։

Գործը հասել էր Վերաքննիչ դատարան, ապա բողոքարկվել Վճռաբեկում: Սակայն, հունիսի 18-ին որոշում է կայացվել վարույթ չընդունել բողոքը, հենց նույն օրը գործը վերադարձվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան ու, առանց որեւէ ծանուցման` հունիսի 19-ին Ա.Վարդանյանին ոստիկանությունն առեւանգել է՝ «Ռիո մոլի» առջեւից:

Ընդ որում՝ «Իրավունք»-ի տեղեկություններով՝ նա եղել է կնոջ հետ. քաղաքացիական հագուստով մոտ 10 անձինք ուղղակի հարձակվել են ու տարել Ա.Վարդանյանին, իսկ կինը վայր է ընկել՝ ստանալով վնասվածքներ»: