ՌԴ-ն կստեղծի այնպիսի իրավիճակ, որտեղ Հայաստանը կլինի մեղավորը կամ սխալ գործողը․ Մակարյան

ՌԴ-ն կստեղծի այնպիսի իրավիճակ, որտեղ Հայաստանը կլինի մեղավորը կամ սխալ գործողը․ Մակարյան

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը վստահ է, որ ՌԴ-ն կստեղծի այնպիսի իրավիճակ, որտեղ Հայաստանը կլինի մեղավորը կամ սխալ գործողը:
MediaHub-ի հետ զրույցում նա նշեց, որ եթե Հայաստանը այլ երկրների շուկաներ արագ որոնի և գտնի, ապա կախվածությունը ՌԴ-ից կնվազի։ Ըստ Մակարյանի, Ռուսաստանի հետ տարիների ընթացքում Հայաստանի հարաբերությունները եղել են բազմավեկտոր և բավականին խորացված։

«Կարելի է թվարկել հինգ կամ վեց կարևոր ուղություններ, որով Հայաստանն ունի էական և ամուր կապեր ՌԴ-ի հետ։ Առաջինը՝ ՌԴ-ն հանդիսանում է Հայաստանի առևտրային առաջնային գործընկերը։ Երկրորդ՝ Հայաստանի աշխատանքային միգրանտների մեծ մասն աշխատում է Ռուսաստանում։ Երրորդը՝ Ռուսաստանում են ապրում միլիոնավոր հայեր։ Չորրորդը՝ ՀԱԷԿ-ի լիցքավորման կամ գազի մատակարաման հետ կապված մենք կախվածություն ունենք Ռուսաստանից։ Եվ գազի թանկացումը կամ մատակարարման դադարեցումը կարող են ազդել մեր տնտեսության վրա։ Հինգերորդը՝ ՀՀ-ում ավելի շատ ներդրումներ են տեղի ունենում ՌԴ-ից, ռուսական կազմակերպություններից, քան այլ երկրներից։ Վեցերորդը՝ Հայաստանի ռազմական պոտենցիալը և պաշտպանության տեխնիկայի մեծամասնությունը ռուսական է։ Այսինքն, դրանց վերանորոգումը, դրանց վերապատրաստումը, դրանց որոշակի պահեստամասերով ապահովումը կախված է Ռուսաստանից»,- MediaHub-ի հետ զրույցում թվարկեց Գագիկ Մակարյանը։

Ըստ նրա, եթե Հայաստանին Եվրամիությունը աջակցի և քվոտաներ տրամադրի, հայկական արտադրողները արտահանեն իրենց արտադրանքը Ռուսաստանի փոխարեն դեպի ԵՄ շուկա, ապա մենք կարող ենք ուղղորդվել դեպի եվրոպական շուկա։ Իսկ ԵՄ-ի երկրները կուզենան, վստահ է նա, քանի որ իրենց մոտ հիմա թանկացումներ են տեղի ունենում, նաև կուզենան քաղաքական և տնտեսական նկատառումներով, որ նվազեցնեն ՌԴ-ի ազդեցությունը։ 

«Իրանի հետ մենք գազի մատկարարման որոշակի ռեժիմ ունենք և հոսանքի փոխանակում գազի դիմաց։ Բայց Հայաստանի տնտեսությունը հարմարեցված է դեպի գազը։ Չեմ կարծում, որ ՌԴ-ն կգնա հակառակվելու այդպիսի քայլերի՝ գազի հետ կապված: ՌԴ-ն կկիռառի այլ լուծումեր, որովհետև Ռուսաստանի դիվանագիտությունն ու քաղաքականությունն այնպիսին է, որ երկար տարիների համար ունի պլանավորած իր ռազմավարությունները իր ազգային անվտանգության կոնտեքստում և այլ երկրների հետ հարաբերությունների կոնտեքստում։ Տարածաշրջանում ՌԴ-ն իր դերակատարությունը պահելու համար ակնհայտ կոպիտ պրոցեսի չի գնա»,- կարծիք հայտնեց Մակարյանը։

Մեր զրուցակցի խոսքով, ՌԴ-ն ավելի խորը քայլերի կգնա. ՌԴ-ի դիվանագիտության շնորհիվ Հայաստանն այլ խնդիրների մեջ կներառվի և կստեղծվի այնպիսի իրավիճակ, որտեղ Հայաստանը կլինի մեղավորը կամ սխալ գործողը.

«Իմ կարծիքով, այսպիսի նրբություններում կփորձի ներքաշել Հայաստանին»,- ասաց նա։
Ինչ կապված է Հռոմի ստատուտի վավերացմանը, ապա Մակարյանի կարծիքով՝ այն կազդի ՌԴ-ի հարաբերությունների վրա։ ՌԴ-ն, նրա խոսքով, ակնհայտորեն հայտարարում է իր դժգոհությունը, որից հետևող քայլերը կարող են լինել «չերևացող, նենգ ձևով կամ ստորգետնյա, որոնք ՀՀ-ն չի կարողանա կանխատեսել»։

Մարիաննա Արամյան