Ուրացման մեխանիկա

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի գաղափարը համեմատել է Հայաստանի անկախության հանրաքվեի հետ։
Սարգսյանի ասածի ենթատեքստը պարզ է և փոխլրացնում է Փաշինյանի «ինքնիշխանականության» մասին կեղծ օրակարգը, թե իբրև մենք անցած երեսուն տարիներին անկախ պետություն չենք ունեցել, ու հիմա մեր գերխնդիրն է «ռուսական լծից» ազատվելը և Արևմուտքի գրկում անկախ պետություն կերտելը:
Ավելորդ է ասել, որ պարզունակ և հակագիտական է ինքնիշխանության գաղափարը պրովինցիալ հակառուսականության հետ նույնացնելը, մանավանդ, երբ հայ-ռուսական հարաբերությունների վակուումը Փաշինյանը լրացնում է Էրդողանին և Ալիևին «հավատարմության երդումներ» տալով: Այլ խոսքով, եթե նույնիսկ Փաշինյանը Հայաստանն ազատագրում է ռուսական լծից, ապա երկիրը ոչ թե կոմֆորտ Արևմուտք է տանում, այլ տեղավորում է թուրք-ադրբեջանական աքցանի մեջ՝ դրանից բխող հետևանքներով:
Կոնկրետ Արամ Սարգսյանը, այս կերպ նսեմացնելով Սեպտեմբերի 21-ի արժեքը, կասկածի տակ է դնում նաև իր եղբոր՝ Վազգեն Սարգսյանի անուրանալի ավանդը պետականության կայացման գործընթացում:
Ինչ վերաբերում է եվրաինտեգրման գործընթացին, ապա որևէ ողջամիտ մարդ դրան դեմ չէ, սակայն ցանկացած գործընթաց արդյունավետ է, եթե ընտրվում են ճիշտ ժամանակ և միջավայր:
Համաշխարհային տուրբուլենտության պայմաններում լավագույն մոտեցումը չէ արտաքին քաղաքական շրջադարձի արկածախնդիր մարտավարությունը:
Վահրամ Բագրատյան