Բանաձևը փոքր կաթիլ է, չի արտացոլում էթնիկ զտման ենթարկված արցախցիների ոտնահարված իրավունքների վերականգնումը

Երեկ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը, որով կոչ է արվում հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն իր սահմաններում։ Բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ռազմական ներխուժումը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է վեհաժողովի ընդունած բանաձևը, որում հստակ արձանագրվում է, որ Արցախի բնակչության դեմ Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտում։
«Սակայն, ցավոք սրտի, այդ բանաձևը մի շարք առումներով ամբողջական չէ․ առաջին հերթին հենց նրա համար, որ ընդգրկում է Լեռնային Ղարաբաղի հայեր ձևակերպումը, որն ավելի հեռու է գնում, քան իրականությունն է։ Պետք էր հստակ ընգդգծվեր Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ ձևակերպումը»,- նշեց Գեղամ Ստեփանյանը։
Բանաձևը, որն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը, դատապարտում է ադրբեջանական հարձակումը և իրականացված էթնիկ զտումը, բայց ըստ Ստեփանյանի՝ այն չի հասցեագրում, թե կատարված հանցագործության հետևանքով մարդկանց խախտված իրավունքներն ինչպե՞ս կարելի է վերականգնել։ «Այսինքն, ճանապարհը, որով պետք է հասնի արդարության հաստատումը, արդարադատության իրականացումը, գոնե քաղաքական գնահատականը՝ հստակեցված չէ բանաձևի մեջ։ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքին և դրա համար միջազգային երաշխիքներին էլ անդրադարձ չկա»,- շեշտեց նա։
Ըստ Ստեփանյանի՝ ստեղծված տոտալ միջազգային անտեսման իրավիճակում, նման բանաձևերն ընդհանուր գործի մեջ փոքր կաթիլ են։
Հունան Թադևոսյան