Հայ զինծառայողները Ադրբեջանում դժվար թե արդյունավետ պաշտպանություն ստանան

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ այսօր հայ ռազմագերիներ Հարություն Յուրիկի Հովակիմյանն ու Կարեն Աշոտի Ղազարյանն կկանգնեն Սումգայիթի ծանր հանցագործություններով դատարանի առջև։
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, փաստաբան Սիրանուշ Սահակյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ զինծառայողներն այս ընթացքում Կարմիր Խաչի միջոցով կարողացել են կապ հաստատել ընտանիքների հետ։
«Շատ ինտենսիվ չէ, բայց որոշակի կապ եղել է»,-ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք զինծառայողները հանրային պաշտպան ունեն, վերջինս պատասխանեց․
«Փաստաթղթերն ու իրականությունը, որպես կանոն շատ տարբեր են լինում։ Փաստաթղթային առումով կարող են ձևակերպել, որ հանրային պաշտպան են տրամադրել, բայց նրանք կարող են զինծառայողներին երբևէ չհանդիպել, գործը չքննել և ներգրավվածությունը միայն ձևական է լինելու։ Դրա համար պետք է սպասենք, դատական պրոցեսը դիտարկենք, որից հետո կծանոթանանք փաստաթղթերին, նրանց տեղեկատվությունը լրացնենք, հայրենադարձման փաստերն ուսումնասիրենք, որպեսզի հստակ պատկերը տեսնենք։ Վստահ եմ, որ հանրային պաշտպանի գոյությունը փաստաթղթավորվելու է, բայց նախորդ փորձերը հաշվի առնելով կարող եմ ասել, որ արդյունավետ պաշտպանություն չի իրականացվի»,-նշեց Սահակյանը։
Հիշեցնենք, որ զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովակիմյանն ու Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին առևանգվել են ՀՀ ինքիշխան տարածքից։ Նրանց նկատմամբ քրեական գործը հարուցվել էր նույն օրը։