Բակի կռիվ չի, որ գնանք կողքը կանգնենք․ ՔՊ-ականը՝ Արցախը պաշտպանելու մասին

Փաշինյանն ասաց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, որովհետեւ նախկիները պնդում էին, թե եկել եք հողերը հանձնեք․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասում է ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

 Զրուցել ենք Արցախի ճակատագրի, ՔՊ-ի խոստումների ու դրանց հետեւանքների մասին։ 

-Մեր գործընկերների հետ եկել ենք համաձայնության, որ Արցախը եւ Ադրբեջանը պիտի բանակցեն իրենց ապագայի շուրջ, դա է Ադրբեջանը փորձում ներկայացնել որպես ինտեգրացիա։ Ադրբեջանը Արցախը չի համարում քաղաքական սուբյեկտ, միավոր։ Արցախը դիմագրավում է ու ճիշտ է անում։ Մենք ասել ենք, որ Արցախին իրավունք չունենք որեւէ որոշում պարտադրելու, ինչ կորոշեն՝ կպաշտպանենք դիրքորուշումը։ 

-Ինչպե՞ս է Հայաստանը Արցախին թողնում միայնակ, երբ բացահայտ էթնիկ զտման քաղաքականություն է վարում Ադրբեջանը եւ Արցախը մեկուսի չի կարող պաշտպանվել։ 

-Մենք տարբեր բաներ ենք խոսում։ Եթե պիտի Արցախը նստի Ադրբեջանի հետ բանակցի, դա նորմալ է, թող բանակցեն, բայց առայժմ Բաքուն չի ուզում բանակցի։ Ադրբեջանը մերժում է, մենք պնդում ենք, որ պետք է բանակցեն։ Բակի կռիվ չի, որ ասենք երեխան փոքր ա, գնանք կողքը կանգնենք։ Արցախը ինքնահռչակ հանրապետություն արին, ոչ ոք չի ճանաչում, մենք հասել ենք նրան, որ ասում ենք՝ Արցախն ու Ադրբեջանը պիտի բանակցեն։ 

-Ինչպե՞ս բանը հասավ նրան, ու Հայաստանը որոշեց, որ Արցախը ինքնուրույն իր ճակատագիրը պիտի որոշի, երբ ՔՊ-ի նախընտրական ծրագրում հստակ կետ կար Արցախի ճակատագրի մասին։

-ՔՊ-ի նախընտրական ծրագրում նշված ա, որ Արցախի հեռանկարը տեսնում ենք «անջատում հանուն փրկության» մեջ, որը բացառում է Արցախի ընդգրկումը Ադրբեջանի կազմում, քանի որ Ադրբեջանը ցեղասպան քաղաքականություն է վարում եւ էթնիկ զտում է անում։ Դա դրված է նպատակ, որին պետք է ձգտել։ Մեզ այսօր հետաքրքրում է Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները։ 

-Իսկ Արցախի ինքնորոշման հարցը։ 

-Բառախաղի մեջ պետք չի մտնենք։ Երբ մենք ասում ենք, որ Արցախը ուզում ենք լինի առանձին հանրապետություն, պատասխանում են՝ շատ լավ ցանկություն է, եղեք։ Երբ ասում ենք՝ ուզում ենք երաշխավորել արցախցիների անվտանգությունն ու իրավունքների ապահովումը եւ Արցախի ու Ադրբեջանի պայմանավորվածությունները պիտի ունենան միջազգային երաշխիքներ, մեզ ասում են՝ ճիշտ եք ասում, մենք էլ կմասնակցենք։ Սա քաղաքականություն է, որը նորմալ է, եւ մենք ասում ենք, որ մեր պահանջը ոչ թե հողային է, այլ իրավունքների հարց է։ 

-Ե՞րբ որոշվեց, որ Արցախի հարցը ոչ թե հողային, այլ իրավունքների հարց է։ 

-Հենց սկզբից էր այդպես դրված։ 

-Այդ դեպքում Փաշինյանը ինչո՞ւ էր ասում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։ 

-Ես հիշում եմ, թե ինչու էր ասում։ Երբ Փաշինյանն եկավ իշխանության, նախկինները, ովքեր իշխանությունից վտարվել էին, պնդում էին, թե եկել ա հողերը հանձնի, եւ ամեն կերպ Արցախը տրամադրում էին Հայաստանի դեմ։

 -Բայց հանձնվեցին հողերը։ 

-Եվ, մենք հիմա ինչի մասին ենք խոսում, թե երկու տարի առաջ ինչ է տեղի ունեցե՞լ.  բոլորը գիտեն, թե ինչ է եղել։ Ի՞նչ ա նշանակում հանձնեցինք, Ադրբեջանին հրավիրեցինք, ասեցինք՝ վերցրեք։ 

-Բա ինչպե՞ս հանձնվեց Արցախի 7 շրջանները, Շուշին, Հադրութը։ 

-Եթե նոյեմբերի 9-ը չլիներ, պիտի ասեիք՝ Ստեփանակերը հանձնեցինք։ Այդ հայտարարությամբ կանխվել է Արցախի հայաթափումը։ Ադրբեջանի զորքը կարար մտներ Ղարաբաղ եւ այդտեղ հայ չէր մնա։ 

-Հիմա չի՞ մտնում Ղարաբաղ։ 

-Ձեր կարծիքով՝ հիմա Ղարաբաղում ա՞։ 

-Այո։ 

-Որտե՞ղ, բացի Շուշիից ու Հադրութից, է՞լ որտեղ ա մտել Ադրբեջանական զորքը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

Լիա Սարգսյան