ԱՄՆ-ը հիասթափված է. Սաուդյան Արաբիան խաղու՞մ է Կրեմլի ձեռքով

ԱՄՆ-ը հիասթափված է. Սաուդյան Արաբիան խաղու՞մ է Կրեմլի ձեռքով

Նավթի արդյունահանումը կրճատելու OPEC+-ի որոշումից հետո ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի գործընկերությունը կարծես թե ճգնաժամի մեջ է, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը կարող է համալրել ռազմական բյուջեն էներգիայի արտահանման միջոցով:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արձագանքը բացարձակապես միանշանակ էր: ՕՊԵԿ+-ի հոկտեմբերի 5-ի որոշումը՝ նոյեմբերին նավթի արդյունահանումը օրական երկու միլիոն բարելով կրճատելու մասին, որը գնահատվում է օրական համաշխարհային սպառման մոտ երկու տոկոսը, «հիասթափություն էր», ասել է Բայդենը որոշումից անմիջապես հետո: Եվ ավելացրել, որ դա մատնանշում է գոյություն ունեցող «խնդիրները», նկատի ունենալով Սաուդյան Արաբիային՝ Միացյալ Նահանգների ավանդական դաշնակցին, ինչպես նաև ՕՊԵԿ+-ի առանցքային անդամին:

Դրանից հետո ամերիկյան CNN հեռուստաալիքը մեջբերել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցչին, ով ՕՊԵԿ+-ի որոշումը համարել է «թշնամական գործողություն»։ Այս որոշմանը արձագանքել են նաև ամերիկյան իշխանությունների այլ ներկայացուցիչներ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիերը քննադատել է ՕՊԵԿ+-ին Ռուսաստանի հետ «դաշինքի» համար։ ԱՄՆ Սենատի դեմոկրատական ​​խմբի ղեկավար Չակ Շումերը թվիթերում գրել էր, որ ՕՊԵԿ+-ի որոշումը «ցինիկ» է։  

Այնուամենայնիվ, դեռևս հուլիսին Բայդենն այցելեց Սաուդյան Արաբիա և, չնայած նախկին կասկածներին, նա բավականին լավ տրամադրված էր Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ հանդիպմանը, որը մի քանի տարի միջազգային կարգով օտարված էր լրագրող Ջամալի սպանությունից հետո: 

Ուղևորությունը մի երկիր, որը բազմիցս մեղադրվել է մարդու իրավունքների ոտնահարման մեջ, արժանացավ զգալի քննադատության, բայց Բայդենի համար այցը կարևոր էր: ԱՄՆ նախագահը հույս ուներ, որ ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո էներգետիկ ճգնաժամի և Ռուսաստանի հետ առճակատման պայմաններում, սաուդցիների կողմից նավթի արդյունահանումը կավելանա: Սակայն արտադրության կրճատման անսպասելի հայտարարությունը նրա համար տհաճ նորություն էր։ Մյուս կողմից, ըստ արևմտյան շրջանակների, Վլադիմիր Պուտինը, հավանաբար դա կհամարի Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների դե ֆակտո աջակցություն: 

Ամերիկայի միջանկյալ ընտրություններից չորս շաբաթ առաջ գները նորից սկսեցին աճել՝ նավթի արդյունահանման սահմանափակումը կարող է էլ ավելի մեծացնել դրանց աճը։ Իսկ դա իր հերթին կարող է զգալիորեն նվազեցնել դեմոկրատ Ջո Բայդենի հաջողության շանսերը։  

 

Աշխարհաքաղաքական շրջադարձ դեպի Ռուսաստանի Դաշնությո՞ւն

Բայդենի համար ՕՊԵԿ-ի կուրսը տհաճություն է առաջացնում նաև արտաքին քաղաքականության տեսանկյունից: Նավթի արդյունահանման պլանավորված կրճատումը նվազեցնում է ՌԴ դեմ արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը, որոնք սահմանվել էին հունիսին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի պատճառով: Խոսքն, առաջին հերթին, ռուսական նավթի մատակարարումների էմբարգոյի մասին է։ ՕՊԵԿ-ի որոշման արդյունքում նավթի գների սպասվող աճը կարող է Ռուսաստանին ավելի շատ փող ապահովել համաշխարհային շուկայում, քան կորցնում է ԵՄ բոյկոտի պատճառով։

«Ակնհայտ է, որ Սաուդյան Արաբիան այժմ ամուր կանգնած է այն կողմում, ինչը Վաշինգտոնը համարում է համաշխարհային քաղաքականության ամենակարևոր բաժանարար գիծը», - գրել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի քաղաքագետ և Մերձավոր Արևելքի փորձագետ Մարկ Լինչը թվիթերի իր միկրոբլոգում: Գծի մի կողմում, որի մասին գրում է Լինչը, Ռուսաստանն է, մյուս կողմում՝ Ուկրաինան և նրա արևմտյան գործընկերներն ու կողմնակիցները։

«Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի երկրները նախկինում չեն աջակցել արևմտյան պետություններին և չեն միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Այժմ, սակայն, Սաուդյան Արաբիան կարող է նույնիսկ «աշխարհաքաղաքական շրջադարձ» կատարել»,- թվիթերյան իր էջում գրել է Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի քաղաքագետ Ուլրիկե Ֆրանկեն:

Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտի (MEI) պաշտպանության և անվտանգության ծրագրի տնօրեն Բիլալ Սաաբը հարցազրույցներից մեկում ավելի զգույշ է գտնվել։ Այժմ Ռուսաստանը, անշուշտ, ավելի մեծ եկամուտներ կստանա նավթի վաճառքից, նշում է նա, «և դա, իհարկե, չի օգնի դանդաղեցնել ռուսական ռազմական գործողությունները Ուկրաինայի դեմ»։  

 

Սաուդյան Արաբիան արդարանում է

Սաուդյան Արաբիան իր հերթին փորձում է նսեմացնել ՕՊԵԿ+-ի որոշումը և արդարացնել այն տնտեսական քաղաքականության տեսանկյունից։ «Նավթը ո'չ զենք է, ո'չ մարտական ​​ինքնաթիռ, ո'չ տանկ, որից կարելի է կրակել», - ասել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Սաուդյան Արաբիայի կառավարությանը մոտ կանգնած Al-Sharq al-Awsat թերթը նույնպես պնդում է, որ ՕՊԵԿ+-ի երկրներն իրենց որոշման մեջ առաջնորդվել են բացառապես տնտեսական դրդապատճառներով։

Բիլալ Սաաբը խոստովանում է, որ Սաուդյան Արաբիան ցանկանում էր քաղաքական ազդանշան ուղարկել Վաշինգտոնին, սակայն նավթի արդյունահանման որոշումը բխում էր առաջին հերթին իր տնտեսական շահերից՝ երկրում իրավիճակի կայունության և՛ տնտեսական, և՛ սոցիալական լայնածավալ նախագծերի իրականացման համար։  

 

Օտարացում Վաշինգտոնի և Ռիադի միջև

Վաշինգտոնն ու Էր Ռիադը վաղուց հեռացել են իրարից: Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա Իրանի հարձակումներից հետո երկիրն իրեն լքված էր զգում ԱՄՆ-ի կողմից: Իսկ ԱՄՆ-ին նյարդայնացրել է 2018 թվականին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում այդ երկրի վարչակարգի քննադատ Ջամալ Խաշոգջիի սպանությունը, որում, իբր, մեծ դեր է խաղացել թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը: 

Կողմերը նաև տարբեր դիրքորոշումներ ունեն Իրանի սպառազինության ծրագրի վերաբերյալ: Սաուդյան Արաբիան 2015 թվականի միջուկային համաձայնագիրը համարում է անբավարար երաշխիք Իրանի միջուկային ծրագրի դեմ: Սակայն թագավորությունն ակնկալում է նաև այս հարցի դիվանագիտական ​​լուծումը։ 

Այսպիսով, վերջին տարիներին երկու պետություններն ավելի ու ավելի են հեռանում միմյանցից, և նրանց հարաբերություններն այլևս այնքան մոտ չեն, որքան տասնամյակների ընթացքում: Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտից Բիլալ Սաաբը ենթադրում է, որ քաղաքական սառնությունը սաուդցիների համար շատ ավելի հեշտ է դարձրել նավթի արդյունահանումը կրճատելու որոշում կայացնելը՝ հակառակ ամերիկյան խնդրանքների և շահերի: «Ես կասկածում եմ, որ Էր Ռիադը կկայացներ այս որոշումը, եթե ամերիկացիների և սաուդցիների միջև երկխոսությունը վերջին շրջանում ավելի արդյունավետ լիներ», - ասել է նա։ 

Երկարաժամկետ հեռանկարում ՕՊԵԿ+-ի որոշումը կարող է նույնիսկ սրել երկու երկրների միջև ռազմական հարաբերությունները, կանխատեսում է Բիլալ Սաաբը։ Ներկայում Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը սերտորեն համագործակցում են։ Բայց առանց բարենպաստ քաղաքական մթնոլորտի, դրանց հետագա զարգացումը դժվար թե հնարավոր լինի, ասում է քաղաքագետը, քանի որ «միայն ռազմական մակարդակով հնարավոր չէ հարաբերություններ պահպանել»։ Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ Էր Ռիադը կձգտի բարելավել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, բայց միայն Ջո Բայդենի դարաշրջանի ավարտից և ընտրություններում հանրապետականների հնարավոր հաղթանակից հետո։