Սպիտակ տունը հետ է կանգնել իր մտադրություններից. Նենսի Փելոսի

Սպիտակ տունը հետ է կանգնել իր մտադրություններից. Նենսի Փելոսի

Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ  Նենսի Փելոսին X (Twitter) իր միկրոբլոգում գրել է. 

«Դատավորը ոչ միայն արգելեց Թրամփի վարչակազմին վնասել Ամերիկայի ընտանիքներին և համայնքներին՝ դաշնային օգնության սառեցմամբ, այլև Սպիտակ տունը պարզապես հետ կանգնեց իր ծրագրից՝ թիրախավորելու այն ծրագրերը, որոնց միլիոնավոր ամերիկացիներ ապավինում են, քանի որ ԴՈՒ բարձրաձայնեցիր»,- գրել է նա։

Նշենք, որ ավելի վաղ CNN-ը հղում կատարելով Սպիտակ տանը հայտնել էր, որ հրամանագիրը չեղարկվել է։ Մասնավորապես. «Վարչական և բյուջետային վարչության Մ-25-13 հուշագիրը (օգնության սառեցման մասին – խմբ.) չեղյալ է հայտարարվել»,- ասվում է նյութում։

Հիշեցնենք, որ Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփը հրաման է ստորագրել այլ երկրներին 90 օրով զարգացման աջակցությունը դադարեցնելու մասին, գնահատելու համար ծրագրերի համապատասխանությունը ԱՄՆ արտաքին քաղաքականությանը։ Սա հանգեցրել է բազմաթիվ մարդասիրական կազմակերպությունների աշխատանքի դադարեցմանը աշխարհի ամենախոցելի երկրներում՝ մեծացնելով հումանիտար աղետի վտանգը։

Վաշինգտոնի դաշնային դատարանն էլ իր հերթին ավելի վաղ արգելափակել է Թրամփի «սառեցման» մասին որոշման ժամկետը մինչև փետրվարի 3-ը: 

Ավելի ուշ տարածվող լուրերին արձագանքեց նաև Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Սա դաշնային ֆինանսավորման սառեցման չեղարկում չէ: Դա պարզապես հուշագրի չեղարկումն է:

Ինչո՞ւ։ Դատարանի որոշմամբ ստեղծված ցանկացած խառնաշփոթի վերջ դնելու համար:

Դաշնային ֆինանսավորման վերաբերյալ Նախագահի հանձնարարականները մնում են ամբողջությամբ ուժի մեջ և կիրականացվեն»: