Ինչո՞ւ է Բաքուն սրում խաղը

Քիչ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ»:
Այսպիսով, Բաքուն հանդես է գալիս շանտաժի քաղաքականությամբ՝ մանիպուլյացիայի ակնհայտ բաղադրիչով:
Ինչքան էլ տարօրինակ հնչի, սակայն Բաքվի քաղաքականության հիմնական հասցեատերերն արտաքին խաղացողներն են. մեր կարծիքով՝ գոնե այս պահին Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսելու մտադրություն չունի:
Դատեք ինքներդ. ինչքան Բաքուն մեծացնում է շանտաժն, այնքան Վաշինգտոնից ու Բրյուսելից ավելի ուժեղ հավաստիացումներ են հնչում, որ «Խաղաղության գործընթացը հանդիպման հիմնական թեման չի լինի», ու ոչ մի հասցեական քննադատություն Ադրբեջանի հասցեին:
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Միլլերը նշել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպմանը նրանք կքննարկեն «Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան», ինչպես նաև «ժողովրդավարության և օրենքի գերակայության» ոլորտի բարեփոխումները։ «Խաղաղության գործընթացը հանդիպման հիմնական թեման չի լինի»,- պարզաբանել է Մեթյու Միլլերը:
Այլ խոսքով, Ադրբեջանը «մասնակցում» է Բրյուսելի եռակողմ հանդիպման օրակարգի մշակմանը՝ թուլացնելով հնարավոր աջակցությունը Երևանին:
Վահրամ Բագրատյան