Երեխային հասցրեց 2 անգամ տեսնել․․․ հետո տեղի ունեցավ ամենադաժանը 

Երեխային հասցրեց 2 անգամ տեսնել․․․ հետո տեղի ունեցավ ամենադաժանը 

Մարիամն իր փոքր ու համեստ ընտանիքով ապրում էր Ստեփանակերտում։ 

2022-ի հոկտեմբերի 7-ին էր ամուսնացել զինվորական Արսենի հետ։ Անհամբեր սպասում էին առաջնեկի ծննդին։

«Ուրախությանը չափ չկար, երբ իմացավ երեխայի ենք սպասում»,- պատմում է կինը։ 

Նույն տարում Արցախը հայտնվեց շրջափակման մեջ։ Ինչ խոսք, դժվար ժամանակներ էին, բայց ամուսինները, Մարիամի խոսքով, չէին հուսալքվում։ 

«Արսենն ու եղբայրս առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էին պահում ինձ, որևէ բանի պակաս չեմ զգացել։ Անգամ այդ օրերին դժվար գտնվող ծաղիկներ են ամեն շաբաթ նվիրել։ Իրենք էլ այնքան համերաշխ էին, իսկ ես աշխարհի երջանիկը»,- ասում է Մարիամը։ 

Երբ սեպտեմբերին Մարիամի ծննդաբերության օրերը մոտեցան, Արսենը դիրքերում էր։ Միշտ կատակով ասում էր՝ «աղջիկս սպասելու է դիրքերից իջնեմ, հետո ծնվի»։ 

«Սեպտեմբերի 19-ին սկսվեց պատերազմը։ Սպասումը ժամ առ ժամ վեր էր ածվում դժոխքի։

Արսենից ու իմ հարազատ եղբորից որևէ տեղեկություն չունեի, իսկ նկուղներում տարածվող լուրերը միայն հուսահատեցնում էին»,- MediaHub-ին պատմում է երիտասարդ կինը, ապա ավելացնում, որ միայն հետո պիտի իմանար, որ դա չարյաց փոքրագույնն էր իր կյանքում։ 

Կրակի դադարի մասին արդեն համաձայնություն կար, երբ սկսվեց երիտասարդ կնոջ երկունքի ցավերը։ Նույն օրը եղբայրը՝ Ժորիկը, իջնում է դիրքերից և իր մեքենայով նրան հասցնում ծննդատուն։ Լույս աշխարհ է գալիս փոքրիկ Ալվինան, ով Արսենի ցանկությամբ կրում է իր մոր անունը։ 

«Ալվինկայի ծնունդից 2 օր հետո Արսենը վերադարձավ ու միանգամից շտապեց ծննդատուն, գրկեց ինձ ու մեր փոքրիկին, հուզմունքից արցունքները չէր կարողանում զսպել։ Սեպտեմբերի 24-ին դուրս գրվեցինք հիվանդանոցից, որ պատրաստվենք տեղահանման։ Մեր համալրված ու ամբողջական դարձած ընտանիքում մենք ապրեցինք ընդամենը մեկ օր»,- իրեն ու նորածին բալիկին պատուհասած ճակատագրի մասին կիսվում է Մարիամը։ 

Հետո եկավ սեպտեմբերի 25-ը։ Արսենն ու Ժորիկը, շատերի նման, վառելիքի պահեստ են շտապել՝ րոպե առաջ բենզին հայթայթելու նպատակով։ Պայթյունից հետո երկար ժամանակ նրանցից որևէ լուր չի եղել և հույս կար, որ... սակայն հոկտեմբերին հաստատվեց Ժորիկի ԴՆԹ նույնականացումը, իսկ Արսենից առ այսօր Մարիամը, նրա ծնողները որևէ լուր չունեն։ 

Օր-օրի մեծացող բալիկը շատ նման է Արսենին։ Հայրը նրան ընդամենը 2 անգամ հասցրեց գրկել, գոնե հասցրեց զգալ դստեր ներկայությունը, հայր լինելու երջանկությունը...

Հունան Թադևոսյան