Փաշինյանը պատրաստվում է հայ-ադրբեջանական հարաբերություններում շրջադարձային քայլ կատարել․ քաղաքագետ

Փաշինյանը պատրաստվում է հայ-ադրբեջանական հարաբերություններում շրջադարձային քայլ կատարել․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյանը տապալելու է խաղաղության գործընթացը։

Նիկոլ Փաշինյանի շոկային ելույթին հաջորդած քննարկումների ժամանակ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն ամենաանկեղծն էր, երբ ակնարկեց արտահերթ ընտրությունների հնարավորության մասին` առաջացնելով իր թիմակիցների վրդովմունքը։

Դատելով Փաշինյանի ելույթից` նա պատրաստվում է ԼՂ խնդրում կամ հայ- ադրբեջանական հարաբերություններում շրջադարձային քայլ կատարել։

Հիմա չքննարկենք` Փաշինյանի կամ նրա ընդդիմախոսների փաստարկների բովանդակությունը, կենտրոնանք այն հարցի վրա, թե քաղաքական հարթության վրա ունի՞ Փաշինյանն անհրաժեշտ լեգիտիմություն` նման շրջադարձային որոշումներ կայացնելու համար։

Կարծում եմ` ոչ։

Փորձեմ հիմնավորել պնդումս.

✓ 2021թ-ի արտահերթ ընտրությունները Փաշինյանին ու նրա թիմին ռացիոնալ մանդատ չեն տվել։ Դրանք եղել են Ռոբերտ Քոչարյան- Սերժ Սարգսյան զույգին մերժելու մասին ընտրություններ, ինչի հիմքով էլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվել է։

✓ 2021թ-ի ընտրությունների ժամանակ էլ պարզ ու ակնհայտ էր, որ Արցախի անկախության օրակարգը` 44-օրյա պատերազմից ու պարտությունից հետո, այլեւս իրատեսական չէ։ Դա բոլորից լավ գիտեր Փաշինյանը, բայց ՔՊ նախընտրական ծրագրով հասարակությանը խոստացել է․ «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման եւ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով, որն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որեւէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետեւանքներին»։

Կարեւոր չէ` Փաշինյանը հասարակությանը խաբե՞լ է, թե՞ չի գիտակցել 44-օրյա պատերազմի հետևանքները։ Ամեն դեպքում` դա նրան չի ազատում քաղաքական պատասխանատվությունից։

✓ Փաստորեն` Փաշինյանը հասարակությունից այլ մանդատ է ստացել, հիմա մտադիր է այլ բովանդակությամբ լուծել ԼՂ խնդիրը կամ կարգավորել հայ- ադրբեջանական հարաբերությունները։ Նման պարագայում` Փաշինյանը կամ պետք է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնի` նոր ծրագրի շուրջ հանրային վստահության մանդատ ստանալու համար, կամ էլ` խաղաղության օրակարգի շուրջ քաղաքական ու հանրային լայն կոնսոլիդացիա կարողանա ապահովել։

✓ Երկրորդ խնդիրը Փաշինյանը լուծել չի կարող, քանի որ իշխանությունը պահում է հասարակության տարբեր խմբերի բարիկադավորելու ու «սեւերի ու սպիտակների» հակադրության քաղաքական փաստարկումով։ Մնում է արտահերթ ընտրությունների տարբերակը։

✓ Իհարկե, Փաշինյանը չի գնա քաղաքական ռացիոնալ լուծման, ինչն ունենալու է երկու հետեւանք` խաղաղության գործընթացը քաղաքական առումով ապալեգիտիմացվելու է ու երկրի ներսում մեծանալու է հեղաշրջման վտանգը։
Ամփոփում.

✓ Ես չեմ հավատում, որ նախապատերազմյան «ոչմիթիզական» Փաշինյանի փոխակերպումը հետպատերազմյան «խաղաղասեր» Փաշինյանի` սեփական սխալները գիտակցելու կամ ավելի ռացիոնալ դառնալու հետեւանք է։

Չկա այդպիսի բան։

Մինչև պատերազմը Փաշինյանի իշխանությունը պահվում էր օխլոսի կողմից ու նրա արկածախնդրությունը սնուցում էր հասարակության հենց այդ սեգմենտի ոգեւորությունը։ Փաշինյանի հետպատերազմյան իշխանության «պահապանն» արտաքին ուժերն են, որոնց համար էլ նա «խաղաղասեր» է դարձել։

✓ Նման պարագայում` Փաշինյանը, մեծ հավանականությամբ, տապալելու է խաղաղության գործընթացը` չկարողանալով բալանսավորել միջազգային ու մեր հասարակության հակոտնյա ճնշումները։

✓ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղության դիալոգն այլընտրանք չունի, բայց այդ օրակարգը կարող է սպասարկել իշխանություն, որը պատերազմի պարտության ապտակը չի փորձում «վաճառել» հասարակության վրա` որպես «խաղաղության դարաշրջանի օրակարգ»։ Ամենակարևորը` խաղաղության օրակարգի կրող կարող է լինել մի իշխանություն, որը պոպուլիստական չէ»։