Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Տեղերի վանք

Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Տեղերի վանք

MediaHub.am-ն իր հետևորդների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի քսանմեկերորդ տեսարժան վայրը՝ Տեղերի վանքը։

Այն հայ առաքելական վանական համալիր է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում։ Ընդգրկված է Տեղերի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում։ Համաձայն գավթի մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցել է Արարատյան կողմնակալության կողմնակալ իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, իսկ ճարտարապետը եղել է Աղբայրիկ վարդպետը։

Բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, գավթից, պաշտպանական պարսպից։ Սուրբ Աստվածածին եկեղեցին, ըստ գմբեթի թմբուկի հարավային կողի վրա պահպանված արձանագրության, կառուցվել է 1213 թվականին։ Պատկանում է գմբեթավոր սրահատիպ եկեղեցիների տիպին։ Ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածք։ Եկեղեցին առանձնանում է ճարտարապետական զուսպ ոճով։ Համալիրը կառուցված է ոչ մեծ բլրի վրա, մուգ մոխրագույն բազալտից։ Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը (ըստ սյուներից մեկի վրա պահպանված արձանագրության՝ շինարարությունը տևել է 11 տարի և ավարտվել 1232 թվականին)։ Այն իր չափերով գերազանցում է եկեղեցուն։ Սկզբունքային նորություն և բացառիկ երևույթ են գավթի ծածկի վրա հյուսիսարևմտյան և հարավարևմտյան անկյուններում առկա գմբեթավոր մատուռները (մուտքերը բացվում են գավթի ծածկի վրա), որոնք խիստ յուրօրինակ ուրվագիծ են հաղորդում կառույցին։

Երկրորդ հարկի այդ մատուռներն անմիջականորեն առնչվում են գավթում թաղված ննջեցյալների հիշատակի հավերժացման հետ և զուգահեռներ ունեն այդ դարաշրջանում զգալի տարածում գտած երկհարկ դամբարան-եկեղեցիների ընդհանուր հորինվածքի հետ։

Պաշտպանական նկատառումներից ելնելով՝ վանքը պարսպապատվել է։ 1468 թ. Սարգիս Բյուրականցու կողմից վերակառուցվել է, XVIII դ. վերջում՝ վերանորոգվել։

Վանքը մեծապես վնասվել է 1949 թվականի երկրաշարժից։ Նոր վերանորոգումներ են կատարվել 1950-1953 թթ. և 1975-1976 թթ․:

Տեղեր գյուղը հնում հռչակված է եղել իր շրջակայքում աճող դեղաբույսերով և անվանվում էր Դեղեր։ Վանքի պատերի մոտ մինչ օրս կանգուն է հին դղրատան շինությունը, որտեղ ապաքինվում էին հայ փառապանծ մարտիկները։