Քոչարյանը սպասում է՝ Փաշինյանը տապալման փաստաթուղթը ստորագրի, նոր վերցնի իշխանությո՞ւնը

Չեմ սպասում, լավ՝ ի՞նչ անեմ: Ես գիտեմ, որ անընդհատ դա փորձելու են գրել: Ուրեմն իրենք պետք է այնպես անեն, որ իրենց կայացրած որոշումների արդյունքում նման ընդվզումներ Հայաստանում տեղի չունենան: Սա է շատ պարզ լուծումը, որը իրենց աչքերով ու ականջներով գուցե ավելի ընկալելի լինի. այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե շրջանառվում է, որ ինքը սպասում է, քանի դեռ Փաշինյանը տապալման փաստաթուղթը ստորագրի, նոր ինքը կփորձի վերցնել իշխանությունը:
«Իրականում այդպես չէ. Եթե դա լիներ այդպես, ես չէի մասնակցի 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին, այլ կսպասեի՝ հեսա, ամեն ինչ կավիրվի, ես էլ այդ ավերակների վրա կգամ վարչապետ... ես մասնակցել եմ այդ ընտրություններին և տեսել եք քարոզարշավի ինտենսիվությունը՝ մասնակցել ենք անմնացորդ, փորձել ենք հասնել հաջողության, բայց չի ստացվել», - ասաց նա:
Հիմա, շարունակեց նա, այդքանը մոռանա՞լ: Մոռանալ դա, դիմադրության շարժումը, երկու ամիսը փողոցներում՝ ընդդիմության պատգամավորական կազմն ուղղակի տուն չէր գնում: Եվ դա մոռանալ ու ասել, թե սպասում է, որ ամեն ինչ կփլվի ու նոր կգա իշխանության ուղղակի արդար ու ազնիվ չի:
«Իսկապես արդար չի», - հավելեց Քոչարյանը: