ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների վերադարձի հարցն օրակարգ չի բերվում․ սա արձանագրվել է նաև ԱՄՆ-ում

ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների վերադարձի հարցն օրակարգ չի բերվում․ սա արձանագրվել է նաև ԱՄՆ-ում

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն օրերս է վերադարձել Միացյալ Նահանգներից։ Հնգօրյա այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներից ու ելույթներից Ստեփանյանը գոհ է վերադարձել։ ԱՄՆ-ում հնարավորություն են տվել Արցախի պատվիրակությանը, որ վերջիններս ներկայացնեն էթնիկ զտման հստակ դեպքերը՝ առաջին դեմքով։ 

«Պատվիրակության կազմում իրավապաշտպաններից բացի, եղել են Դադիվանքի, Հակոբավանքի՝ այժմ արդեն Եռաբլուրի եկեղեցու վանահայր Տեր Հովհաննեսը։ Նա ծանր վիրավորում էր ստացել Վանք գյուղում, երբ Ադրբեջանը հրթիռակոծել է խաղաղ գյուղը։ Նույն վայրում իր 16-ամյա որդուն է  կորցրել Գոհարինե Գրիգորյանը, իսկ ինքն ու փոքր որդին վիրավորվել են։ Մեզ հետ է եղել նաև Լալան, նրա քրոջ մարմինը Ջերմուկի ագրեսիայի ժամանակ ադրբեջանցիները խոշտանգել էին»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց Ստեփանյանը։ 

ԱՄՆ մեկնելու հրավերը ստացել են «Փրկենք Հայաստանը» և «Փրկենք հետապնդվող քրիստոնյաներին» կազմակերպությունների կողմից։

«Այցն ամբողջական էր, որի մի բաղադրիչը ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան՝ մարդու իրավունքների հանձնաժողովում իմ ելույթն էր։ Բավականին ինտենսիվ հանդիպումներ ենք ունեցել թե՛ կոնգրեսականների և թե՛ առանձին միջոցառումների շրջանակում՝ պետդեպարտամետի միջազգային կրոնական  ազատությունների հարցերով բաժնի անձնակազմի հետ։

Նրանց ներկայացրել ենք Արցախում հոգևոր-մշակութային ժառանգության վանդալիզմի դեպքերը, պահանջել, որ Ադրբեջանը դիտարկվի հատուկ ուշադրություն կարիք ունեցող երկիր»։ Ստեփանյանն ասում է, որ դա մի կարգավիճակ է, որը տրվում է կրոնական ազատությունների մասով վատ վարքագիծ ունեցող երկրներին։

«Նույն հարցով հանդիպում ենք ունեցել նաև կոնգրեսի հանձնաժողովի հետ և բարձրացրել նույն խնդիրները։ Իսկ կոնգրեսականների հետ հանդիպումների ժամանակ ես կոնկրետ 4 հարցերի վրա եմ ուշադրություն դարձրել․ վերադարձի իրավունք, Արցախից բռնի տեղահանվածների սոցիալական կարիքների համար խիստ անհրաժեշտ միջազգային աջակցություն, պատմամշակութային արժեքների պահպանություն և հայ ռազմագերիների ու պատանդների անհապաղ վերադարձ»,-ընգծեց Ստեփանյանը:

Արցախի պատվիրակությունը Գեղամ Ստեփանյանի գլխավորությամբ մասնակցել են նաև Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված Արցախի հայաթափման առաջին տարելիցին նվիրված միջոցառմանը, որին մասնակցել են նաև կոնգրեսականները։ 

«Այդ հանդիպումների ընդհանուր արձանագրումն այն է, որ ամերիկյան կողմի հետ կա փոխըմբռնում, հատկապես խորհրդարանական հարթակում՝ Արցախի ժողովրդի վերադարձի լեգիտիմության առումով»։

Հիմնական խնդիրը, որ արձանագրվել է՝ ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների վերադարձի հարցն օրակարգ չի բերվում։

«Օրակարգ բերելուց հետո՝ միանշանակ միջազգային աջակցություն կունենանք։ Մանավանդ, որ Կանադայի ԱԳՆ-ն ևս բարձրացրեց այս հարցը՝ ընգծելով նաև ինքնորոշման իրավունքը»,-հավելեց Գեղամ Ստեփանյանը։

Հունան Թադևոսյան