Ով ինչ է խոսում, ինձ չի հետաքրքրում. Արեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետ նշանակվելու մասին

Ով ինչ է խոսում, ինձ չի հետաքրքրում. Արեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետ նշանակվելու մասին

2024-ը Նիկոլ Փաշինյանը սկսեց կադրային ջարդով․ նախ պաշտոնանկ արվեց Լոռու մարզպետը, ապա՝ Արմավիրի։ Պատճառն այն էր, որ մարզային այցերի ընթացքում Փաշինյանը թերացումներ էր նկատել երկու մարզերում իրականացվող բարեփոխումային ծրագրերում․ մի տեղում դպրոցում զուգարանն էր ապակե դռներով, մյուսում՝ դպրոցի մարզադահլիճում տեղակայված լողասենյակի ցնցուղի որակը։ 

Ինչևէ, այս պաշտոնանկությունների ֆոնին սկսվեցին անուններ շրջանառվել, թե ովքեր կարող են ստանձնել թափուր մնացած հաստիքները։ MediaHub-ն արդեն գրել է, որ Լոռու մարզպետի պաշտոնում շրջանառվում է ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի անունը, ավելին՝ մեր աղբյուրի փոխանցմամբ, նրա նշանակումը կարող է լինել արդեն այս հինգշաբթի Կառավարության հերթական նիստի ժամանակ: Ահա այսօր էլ մեզ փոխանցեցին՝ շրջանառության մեջ է դրվել նաև ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի անունը։ Ի դեպ, մեր աղբյուրը չբացառեց, որ Մկրտչյանը հենց ինքն է շրջանառում, թե ինքը մարզպետի ամենահավանական թեկնածուն է:

Այս լուրի իսկությունը պարզելու համար MediaHub.am-ը զրուցեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ։

- Պարոն Մկրտչյան, Լոռու մարզպետի հավանական թեկնածուներից մեկը Դուք եք, Ալավերդիում Ձեր անունն է շրջանառվում։ Դուք նման առաջարկ ստացե՞լ եք։

- Քննարկում դեռ չկա։

- Իսկ ըստ Ձեզ, ովքե՞ր են հավանական թեկնածուները Ձեզնից ու Արփի Դավոյանից բացի։

- Չէ, ես տեղյակ չեմ։

- Բայց Ձեր թեկնածությունը հավանակա՞ն եք համարում։

- Էլի եմ ասում՝ նման քննարկում, խոսակցություն չկա։

- Կուսակցությունում էլ զրույցներ չկա՞ն։

- Մինչ այս պահը ոչ մի թեկնածուի մասով ռեալ քննարկում չի եղել, թե ինչ անուններ են շրջանառվում, չգիտեմ։ Բայց կոնկրետ քննարկում չկա։

- Իսկ Դուք Ձեզ այդ պաշտոնում տեսնո՞ւմ եք։

- Ես ԱԺ պատգամավոր եմ, եթե քննարկում լինի, կքննարկենք։ Հիմա ասում եմ՝ քննարկում չկա։ 

- Հասկանալի է, որ քննարկում չկա, բայց հավանական համարո՞ւմ եք, որ Ձեր կուսակիցները կողմ կլինեն Ձեր նշանակմանը։

- Այդ հարցին չեմ պատասխանի, քանի որ պատգամավորի կարգավիճակում եմ, իմ առաքելությունն ունեմ այս պահին թիմում ու դա անում եմ։ Եթե լինի քննարկում, կհասկանանք՝ որտեղ եմ ավելի արդյունավետ, որտեղ եմ ավելի պետք։ 

- Լուրեր են պտտվում նաև, որ հենց դուք եք հորդորել, որ Ալավերդիում Ձեր անունը շրջանառեն, Ձեր օգտին խոսեն։

 

- Նման բան գոյություն չունի, ու չի էլ կարող գոյություն ունենալ։ Պաշտոնը թափուր է այս պահին, հասկանալի է, խմբակցությունը մարզից երկու պատգամավոր ունի, երկուսի անունն էլ կարող է շրջանառվել։ Միգուցե դա էլ է նորմալ։ Բայց այն, թե ես թիրախային ուղղորդում եմ արել, հերյուրանք է։

- Բացի այդ, լուրեր կան, որ կուսակցությունում կողմ չեն Ձեր առաջադրմանը, քանի որ Դուք տապալել եք Ալավերդիի ՏԻՄ ընտրությունները։

- Չգիտեմ՝ ով ինչ է ասում, ով ինչ է խոսում։ Ալավերդիում մենք այս պահին իշխանություն ենք, պատրաստվում ենք սուբվենցիոն ծրագրեր իրականացնել, կապիտալ շինարարություն անել։ Ով ինչ է խոսում, ինձ չի հետաքրքրում, ես աշխատանքի վրա եմ կենտրոնացած։

Նարե Գնունի