Երևանյան 13 խաչմերուկ կկառավարվի խելացի լուսացույցներով. քաղաքապետարանը անվտանգ երթևեկության համար մի շարք քայլեր է ձեռնարկել

Երևանյան 13 խաչմերուկ կկառավարվի խելացի լուսացույցներով. քաղաքապետարանը անվտանգ երթևեկության համար մի շարք քայլեր է ձեռնարկել

Ապրիլի 1-ից Երևանում գծանշումներ կատարելու, ինչպես նաև լուսացույցներ ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթը կանցնի համայնքին: Խնդրահարույց այս ոլորտը կանոնակարգելու համար Երևանի քաղաքապետարանը մի շարք քայլեր է ձեռնարկել՝ հաշվի առնելով վարորդների կողմից հաճախ բարձրացվող խնդիրները:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Մենք մեր տնային աշխատանքը որոշակիորեն արդեն կատարել ենք, ունենք սխեմաներ երթևեկության կազմակերպման, որտեղ ինչ նշաններ, գծանշումներ պետք է արվի, և լուսացույցի ռեժիմներ: Բոլոր մրցույթները հայտարարված են, կան հաղթողներ՝ ճանապարհային նշանների, լուսացույցների և գծանշումների հետ կապված: Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում պատրաստվում ենք իրականացնել բոլոր գործառույթները, որոնք պատվիրակվել է Երևանի քաղաքապետարանին», – նշում է Տրանսպորտի վարչության պետի ժ/պ Հայկ Սարգսյանը:

Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունների առջև համայնքը հստակ պահանջ է դրել: Անձրևն ու ձյունը այլևս «չպետք է մաքրեն» քաղաքի գծանշումները: Տեխբնութագրերը կազմվել են՝ հաշվի առնելով միջազգային չափորոշիչները: Կլինեն նոր մոտեցումներ:

«Մենք խիստ պահանջներ ենք ներկայացրել կոնկրետ գծանշման ներկի հետ կապված, ճանապարհային նշանների փայլաթերթի հետ կապված: Օրինակ՝ «B» դասի փայլաթերթով պետք է իրականացվի, այն ավելի լուսաանդրադարձնող է, մթության մեջ ավելի տեսանելի, քանի որ Երևանի փողոցները ոչ բոլոր ժամերին են լուսավորվում, որոշում կայացվեց, որ անպայման լինի B կարգի»,- նշում է Հայկ Սարգսյանը:

«Հատուկ գալու եմ նշանների որակը նայեմ, դրանք պարտադիր պետք է լինեն «B» կարգի, հետևը պետք է նշված լինի, թե երբ է այդ նշանը տեղադրվել: Այն նշանները, որոնք այս պահի դրությամբ տեղադրված են, լավը չեն: Երթևեկության կազմակերպման սխեմաները մենք արդեն ունենք, դեռ անցած տարի ծրագիր ենք գնել, և կարծում եմ, երբ կառավարման կենտրոնն ունենանք, արդեն հնարավորություն կունենանք արդյունավետ կառավարում իրականացնել»,- ընդգծել է քաղաքապետը:

Մայրաքաղաքի փողոցներում արդեն կարելի է նկատել տեղադրված նոր լուսացույցներ: Մրցույթի հաղթողն, ի դեպ, տեղական ընկերություն է, որն իր առաջին քայլերը սկսում է հենց Երևանից: Համագործակցությունը համայնքի հետ մեծ պատասխանատվություն է պահանջում, բայց միաժամանակ լուրջ քայլ է տեղական արտադրողի համար:

«Շնորհակալ ենք համայնքին, որ ընդունեցին մեր առաջարկը, տեխբնութագրի մեջ հատուկ ստանդարտներ կային, և մենք ամբողջովին համապատասխանում էինք: Մեզ համար շատ կարևոր էր, որ մրցույթը հաղթեինք, ու նաև մեր համաքաղաքացիները տեսնեին՝ ինչ արտադրանք ունենք Հայաստանում: Այս լուսացույցները համապատասխանում են միջազգային չափորոշիչներին: Ծրագրային մոտեցումներից սկսած ամեն ինչ այստեղ ենք ստեղծել: 23 խաչմերուկում 46 լուսացույց արդեն տեղադրել ենք, որոնք շուտով կգործարկվեն»,- նշում է «Դավ փրոջեքթ» ընկերության հիմնադիր Ազատ Գրիգորյանը:

Տրանսպորտային համակարգի նոր բարեփոխման շրջանակում համայնքը տարբեր ուղղություններով ծրագրեր է նախաձեռնել: Առաջիկայում երևանյան 13 խնդրահարույց խաչմերուկ էլ կկառավարվի խելացի լուսացույցներով, պիլոտային ծրագրի շարունակությունը կապահովի նախագծի արդյունավետությունը: Երևանը կունենա տրանսպորտի կառավարման կենտրոն, ինչը հնարավորություն կտա վերահսկել գործընթացը, կշարունակվի ավտոբուսների պարկի համալրումը, կլինեն փոփոխություններ օրենսդրական դաշտում: Այս ամենի հիմքում, իհարկե, դրված է մեկ նպատակ՝ քաղաքի բնակիչներին ու հյուրերին մատուցել որակյալ ծառայություններ՝ ապահովելով վերջիններիս անվտանգ երթևեկը: