«Դեղին քարտ» ՔՊ-ին. ՌԴ-ն ցանկանում է ՀՀ-ում ունենալ կանխատեսելի գործընկերներ

«Դեղին քարտ» ՔՊ-ին. ՌԴ-ն ցանկանում է ՀՀ-ում ունենալ կանխատեսելի գործընկերներ

Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին արտաքին հետախուզության առանձին ծառայության ստեղծման դեպքում։ Այս մասին Երևանում հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

ՌԴ հետախուզության ղեկավարի այցին նախորդել էր ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի այցը Երևան: Մոսկվայում հավանաբար անհանգստացել են, որ բոլորին «այո» ասող ՔՊ-ական թիմը կարող է ՀՀ-ն «պոկել» ՌԴ-ից և տանել արևմտյան ուղեծրով, ինչն, իհարկե, աղետալի հետևանքներ է ունենալու հայոց պետականության, հայ ժողովրդի ֆիզիկական գոյության և Արցախի համար:

ՔՊ-ականների դիլետանտիզմը դարձել է ներքին և արտաքին քաղաքականության գործելաոճ՝ նրանք փորձում են լինել և արևմտամետ, և ռուսամետ, իսկ անհրաժեշտ է լինել ուղղակի հայամետ՝ առաջ տանելով հայկական ազգային, պետական շահերը:

Արևմուտքն ու ՌԴ-ն այժմ պատերազմում են՝ պատերազմի թատերաբեմը կամ «խաղատախտակը» Ուկրաինան է: Հետխորհրդային տարածաշրջանի համար ԱՄՆ-ՌԴ պայքարը, մրցակցությունը մտնում է նոր փուլ և ՀՀ-ն պետք է զերծ մնա հակառուսական պլացդարմ դառնալու որևէ փորձից: 

Նարիշկինն այցելելով Երևան` Փաշինյանին է փոխանցել Կրեմլի «դեղին քարտը», որին կարող է հաջորդել նաև «կարմիրը»: Մոսկվան զգուշացնում է ՔՊ-ականներին, որպեսզի ՀՀ-ում ռուսական ռազմաքաղաքական ազդեցությունը որևէ կասկածի տակ չդրվի, իսկ ԱՄՆ-ի հետ «սիրավեպը» կրի արարողակարգային բնույթ:

Այսպիսով, ՌԴ-ն ցանկանում է իր հարավային սահմանների երկայնքով ունենալ կանխատեսելի դաշնակիցներ՝ ի դեմս ՀՀ-ի և Երևանում իշխանության լինեն այնպիսի քաղաքական ուժեր, ում համար հայ-ռուսական դաշնակցային կապերը լինեն արտաքին քաղաքականության առանցքում և առաջնահերթ համարվեն:

Վահրամ Բագրատյան