ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատունը գրություն է ուղարկել ԱԳՆ՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար

Օրեր առաջ MediaHub-ն անդրադարձել էր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի օդանավակայանում ՀՀ քաղաքացիների հանդեպ տեղի սահմանապահների կողմից առաջացրած խնդրին: Հիշեցնենք, Սոֆիա այցելած քաղաքացիներին առանց բացատրության սահմանապահներն արգելել են մուտք գործել Բուլղարիայի տարածք՝ որևէ պատշաճ բացատրություն չտալով։ Այն դեպքում, երբ որևէ մեկը փաստաթղթերի հետ կապված խնդիր չի ունեցել, վճարումներն էլ կատարել էին նախապես՝ առցանց տարբերակով։
Քաղաքացիները MediaHub-ին պատմել են, որ ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատունը նախապես ստուգել է փաստաթղթերն ու դրանցում որևէ խնդիր չի եղել, ուստի տրամադրվել է մուտքի արտոնագիր։ Նյութի հրապարակումից օրեր անց ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատնից ճշտեցինք․ արդյո՞ք խնդիրներին տրվել են պատշաճ լուծումներ։ Դեսպանատան ներկայացուցիչ Մարիա Թադևոսյանն ասաց, որ չնայած սահմանապահների ու քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպը դեսպանատան տիրույթում չէ, բայց համապատասխան գրություն են ուղարկել Բուլղարիայի ԱԳՆ։
«Որևէ խնդիր քաղաքացիների ու դեսպանատան միջև չի եղել։ Բայց հաշվի առնելով արձագանքները, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ սահմանապահների ցուցաբերած վարքը, նաև ձեր կողմից հրապարակված նյութը թարգմանել ու կից գրությամբ ուղարկել ենք Բուլղարիայի արտգործնախարարություն։ Այս պահին գործն ընթացքի մեջ է։ Բայց նորից կրկնեմ, դա մեր գործառույթը չէ»,- ասաց ներկայացուցիչը։
Թադևոսյանը նաև նշեց, որ 10 օր առաջ ևս այդպիսի խնդիր կար։ Տրամադրված շենգեն վիզայով քաղաքացին պետք է Բուլղարիայում մնար 10 օր, ապա դրա հաշվին մեկներ Իտալիա։ Սակայն, տեղի է ունեցել հակառակը․ պարզվել է, որ նա մեկ օր պետք է մնա Բուղարիայում, հաջորդ օրը մեկներ Հռոմ։
«Ամեն դեպքում, մենք գրությունն ուղարկել ենք ԱԳՆ, խնդրանքով, որ հետամուտ լինեն սահմանապահների գործունեությանը, խնդրին լուծում տրվի»,- հավելեց նա։
Հունան Թադևոսյան